Հայաստանում առաջին անգամ լյարդի փոխպատվաստում է կատարվել կենդանի դոնորի միջոցով: Այս մասին կառավարության այսօրվա նիստի սկզբում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Մի կարևոր լուր եմ ուզում հաղորդել կառավարությանն ու Հայաստանի բնակչությանը՝ երեկ առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ կատարվել է լյարդի փոխպատվաստում կենդանի դոնորից: Դա այնքան կարևոր բժշկագիտական իրադարձություն է, որ անպայման ուզեցի հաղորդել»,- ասաց Արսեն Թորոսյանը: Վարչապետը հետաքրքրվեց՝ կենդանի դոնորի՞ց:

«Այո, աղջկանից տրվել է մորը, լյարդի մի կտորը վերցվում է, փոխպատվաստվում է այն մարդուն, ում լյարդը չի աշխատում: Դա փրկում է կյանքը: Վիրահատությունը կատարվել է Աստղիկ բժշկական կենտրոնում մեր ռուս գործընկերների օգնությամբ, մեր առողջապահության նախարարության աջակցությամբ: Ուզում եմ նաև ասել, որ մենք այդ ուղղությունը զարգացնում ենք»,- ասաց նա:

Ըստ նախարարի՝ երիկամի փոխպատվաստման կարիք ունեցող անձինք նույնպես այսօր կան: Նախատեսվում է հաջորդ տարվա բյուջեում լյարդի ու երիկամի փոխպատվաստման համար գումար նախատեսել, որպեսզի հնարավոր լինի մարդկանց աջակցել: Կոնկրետ լյարդի փոխպատվաստման վիրահատությունը, ըստ նախարարի, մոտ 100 հազար դոլարի շրջանակներում է տատանվում: Կառավարությունը պետք է փորձի ինչ-որ չափով աջակցել, ասաց Թորոսյանը: