Դպրոցում աշխատելու տարիներին մի աշակերտ ունեի, ում միշտ ծեծում էին, «լեզուն իրեն չէր պահում»։ Ծեծի թեժ պահին միշտ ասում էր՝ հեսա պապայիս կասեմ, տես ձեզ ինչ կանի։ Ծեծողները կարկամում ու հետ էին քաշվում։ Վերջը մի օր աշակերտիս կանչեցի ու սրտամոտ զրուցեցի հետը․

-Պապադ ո՞վ է, որ ամեն անգամ էդ երեխեքին վախեցնում ես։

Գլուխը կախեց՝ պապա չունեմ, բայց ոչ մեկին չասես, շատ եմ խնդրում։ Այնքան էի ազդվել, որ հետո դառա «աշակերտիս պապան»։ Տխուր է հիշելը։

Հիմա Ազգային ժողովի մեր նորաթուխ պատգամավորներն են։ Որ մի վտանգ են զգում կամ թեկուզ մի աննշան բան են ասում, վախեցնում են՝ հեսա ժողովրդին կասեմ։ Հեսա պապայիս կասեմ։ Բանն այնտեղ է հասել, որ հեղափոխության շրջանում Փաշինյանի «ախրաննիկ», այնուհետեւ Պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալ, այժմ պատգամավոր ընտրված Հայկ Սարգսյանը Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ, 5-րդ, 6-րդ և 7-րդ գումարման Ազգային ժողովների պատգամավոր Միքայել Մելքումյանին ասում է․

-Պարոն Մելքումյան ձեր խոսքի մեջ, երբ դուք ձեր ձայնը բարձրացնում եք, ժողովրդի կառավարության ներկայացուցչի նախարարի վրա , ձեր ասածը ավելի չի արժևորվում և մյուս անգամ խնդրում եմ ժողովրդի կառավարության նախարարի վրա ձեն չբարձրացնեք։

Ամեն ինչ մի կողմ դրած, Միքայել Մելքումյանին Հայկը տղա է գալիս։ 1992 թվականին է ծնվել։ Միքայել Մելքումյանը 1962 թվականին է ծնվել, Հայկի նման երեք տղա ունի։ Ինչքան գիտեմ, Հայկը ամուսնացած էլ չի։ Սա աննպատակ չեմ ասում, նոր եկած պատգամավորների մոտ հարգանքը իսպառ վերացած է և իրենց մասին մեծ կարծիք ունեն։ Մի բան որ լինում է՝ ժողովուրդը կա ու կա․․․ ժողովրդի կառավարության նախարար։ Բա Մելքումյանն ո՞վ է։ Նա ժողովրդի ներկայացուցիչ չի՞․․․ Էլի սև ու սպիտա՞կ։

Հիմա, ոնց որ իմ աշակերտին էի հարցնում, Հայկին եմ հարցնում․

--Ժողովուրդն ո՞վ է։

Որ անկեղծ լինի, գլուխը կկախի ու․․․

Խնդրում եմ այդ թանկ բառն այլևս չօգտագործեք, մոռացեք․․․ Խոսեք ձեր անունից, ձեր արած գործերից։ Ժողովուրդն իր արածը արել է։ Նա չի կառավարությունը ձևավորել, պաշտոններ բաժանել, իմ ու քո արել։ Ժողովրդից որ լինի, մի մահակ կվերցնի ու նախարարների, մարզպետների մեծ մասին «մահակի տակ կտա»։ Ժողովուրդը՝ նույն ինքը պապան, ձեզ բերել հասցրել է էդ կետին, հիմա դուք պիտի նրան պահեք, ոչ թե «ոտներդ մեկնեք, գյալաջի անեք»։ Հետն էլ "ձեռի վրա" իրար դեմ հանեք։