Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն դադարեցրեցին գործակցությունը քաղաքացիական և ռազմական ուղղությամբ, հայտնեց ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն: «ՆԱՏՕ-ն ինքն է հրաժարվել Ռուսաստանի հետ հարաբերություններում դրական օրակարգից: Առայժմ որևէ նախանշան չկա, թե ՆԱՏՕ-ն ինչպես է դուրս գալու այս փակուղուց»,- ասել է նա: Գրուշկոն անհեթեթ է որակել ՆԱՏՕ-ի որոշումը՝ դադարեցնել բնականոն աշխատանքային կապերը ռազմական գծով՝ նկատելով, որ Եվրոպայի անվտանգությունը մեծապես կախված է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի համագործակցությունից:

Մեկ այլ դաշտում էլ շարունակվում են Ռուսաստան-ԱՄՆ «փոխհրաձգությունները»...
Վաշինգտոնի քաղաքական գիծը մի շարք լատինամերիկյան պետությունների հանդեպ անընդունելի է, նման դիրքորոշում է հայտնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի 27-րդ վեհաժողովում։ Ամերիկացիները բացահայտ միջամտում են ինքնիշխան պետությունների ներքին գործերին։ Վենեսուելան բոլորի շուրթերին է, իշխանափոխությունը չհաջողվեց, սակայն օրինական նախագահին տապալելու գաղափարից ամերիկացիները չեն հրաժարվում։ Այդ է վկայում վերջերս Մայք Պոմպեոյի տված հարցազրույցը, որում նա ասում է, թե ռազմական միջամտությունը բացառված չէ»,- ասել է Լավրովը։ Նրա խոսքերով, ԱՄՆ-ը մտադիր է «խորտակել և ճնշել» մյուս երկրներին՝ հանուն աշխարհում իր բացառիկությունը պահպանելու։ «XXI դարի իրողություններին ԱՄՆ-ի չհարմարվելն ակնհայտ է»,- ասել է նա՝ հավելելով․ «Անկասկած, ԱՄՆ-ը նախկինի պես մնում է հզոր տերություն, սակայն նրա ազդեցության ընդհանուր կշիռը նվազում է»։

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն իր հերթին նշել է, որ Ռուսաստանն առանց իշխանությունների թույլտվության խառնվում է Վենեսուելայի գործերին. «Ռուսաստանը դեմ է դուրս եկել Վենեսուելայի կառավարությանը՝ առանց թույլտվության խառնվելով այդ երկրի գործերին։ Նրանք չունեն դրա իրավունքը, չունեն ժողովրդի համաձայնությունը»: Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանի ռազմական մասնագետները Վենեսուելայում են գտնվում օրինական հիմքերով և ապահովում են Բոլիվարյան հանրապետությանը ռազմական տեխնիկայի մատակարարման ծառայությունը։

Հիշեցնենք, որ Վենեսուելայում հունվարի 21-ին սկսված բողոքի զանգվածային ցույցերի հետևանքով երկրի ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուաիդոն իրեն նախագահի ժամանակավոր պաշտոնակատար էր հռչակել, որի իշխանությունը ճանաչել էին աշխարհի մի շարք երկրներ՝ ներառյալ ԱՄՆ-ն, մինչդեռ Ռուսաստանը, Չինաստանը և այլ պետություններ աջակցում են երկրի օրինական նախագահ Նիկոլաս Մադուրոյին։
«Կրեմլի դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցները դեռ ցույց կտան իրենց ազդեցությունը, սա այն սակավաթիվ հարցերից մեկն է, որի շուրջ ԱՄՆ-ում դեմոկրատներն ու հանրապետականները լիակատար փոխըմբռնում ունեն», - պնդել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանը «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում:

«Կարծում եմ` ֆիզիկական անձանց ու կազմակերպությունների նկատմամբ մինչ օրս սահմանված պատժամիջոցները շատ լուրջ են, մենք, այս պահի դրությամբ, արդեն իսկ հարյուրավոր սահմանափակումներ ենք մտցրել: Ամերիկյան քաղաքականության մեջ քիչ են հարցերը, որոնք միավորում են հանրապետականներին ու դեմոկրատներին: Այս հարցը Սենատում գրեթե 100 տոկոս աջակցություն է ստացել` երկու ճամբարների կողմից էլ: Դա պատասխանն է Ռուսաստանի ոչ բարեկամական գործողությունների` Ղրիմի բռնակցումից մինչև Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակը, միջամտությունը ընտրություններին ու մարդու իրավունքների պաշտպանության վիճակը», - ասել է դեսպանը՝ շարունակելով․ - «Կարծում եմ, դեռ վաղ է ասել` արդյոք այդ պատժամիջոցները ծառայել են իրենց նպատակին: Սահմանափակումներն արագագործ չեն, դրանք նախատեսված են երկարատև ժամանակի համար: Եվ մենք ավելի քան շահագրգռված ենք քննարկել այն հարցերը, որոնք հանգեցրել են այս պատժամիջոցների ընդունմանը: Պետք է նստել բանակցային սեղանի շուրջ ու քննարկել` ինչու ենք հասել այս իրավիճակին, և երբ այդ խնդիրները կլուծվեն, պատժամիջոցները կչեղարկվեն, և մենք կապրենք այլ իրավիճակում: Այժմ, սակայն, շփումների նման մակարդակի դժվար է հասնել»:
Ամերիկացի դեսպան Հանթսմանը խոսելով ռուսական ագրեսիայի, հարևանների դեմ Կրեմլի սանձազերծած գործողությունների մասին` չի համաձայնել կարծիքներին, թե այժմ Ռուսաստանն ավելի մեծ վտանգ է ներկայացնում Հյուսիսատլանտյան դաշինքին: «Հիմնադրումից հետո` անցած տասնամյակների ընթացքում, ռազմական այդ դաշինքն ընդարձակվել է, ամրապնդվել և առաջիկայում էլ կշարունակի հզորանալ», - ըստ «Ազատության»՝ ասել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանը:

«Մենք անցյալում ենք թողել 20-րդ դարը, երբ միլիոնավոր մարդիկ զոհ գնացին Առաջին ու Երկրորդ համաշխարհային պատերազմներին: 70 տարի է` ՆԱՏՕ-ն խաղաղություն է պահպանում, սա հեշտ չէր: Այս ընթացքում դաշինքն ընդարձակվել է, այժմ ունի 29 անդամ, որոնք պաշտպանում են գրեթե կես միլիարդ մարդկանց ազատությունը, որոնք ընդհանուր արժեքներ ու պարտավորություններ ունեն: Դա ինչ-որ առանձնահատուկ բան է, երբ երկրները միավորում են իրենց ջանքերը հանուն համընդհանուր արժեքների և որոշում են պաշտպանել միմյանց` դրանց հիման վրա: ՆԱՏՕ-ն, այս առումով, հաջողության զարմանալի պատմություն է և շարունակելու է փոխվել ու ամրապնդվել, շարունակելու է որոնել` որն է տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն պահպանելու լավագույն ճանապարհը: Երբ ես նայում եմ ՆԱՏՕ-ին, միայն հաջողություններ եմ տեսնում. դաշինքը գոյություն ունի, քանի որ դրա կարիք կա, և միլիարդավոր մարդիկ շնորհակալ են, որ իրենց խաղաղությունն ու ազատությունը պաշտպանվում է հավաքական անվտանգության այդ ամենահաջողված կազմակերպության կողմից», - հայտարարել է Ջոն Հանթսմանը:

Ի դեպ, Եվրոպայի նավթամշակող գործարանները վճարում են Վենեսուելայի և Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների համար՝ գնելով թանկարժեք ռուսական նավթ, հաղորդում է Reuters-ը: Գործակալության տվյալներով՝ Վաշինգտոնի պատժամիջոցները արգելափակել են ծծումբի բարձր պարունակությամբ նավթը համաշխարհային շուկայում, այդ իսկ պատճառով Եվրոպան ստիպված է գնել Urals ապրանքանիշի թանկարժեք ռուսական նավթ: hayeli.am

Մետաքսյա Շալունց