Ստրասբուրգում հայ համայնքի հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց են ուղղել «տրանսգենդերային» աղմկոտ պատմության, մասնավորապես այդ կապակցությամբ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանի հայտարարության վերաբերյալ:

Հարցին ի պատասխան, իր հերթին աղմկոտ հայտարարություն է արել Նիկոլ Փաշինյանը, հիշեցնելով 2007 թվականին Վարդան Ղուկասյանի դեմ կատարված մահափորձը, երբ նա դեռեւս ՀՀԿ, ոչ թե ԲՀԿ շրջանակից էր:

«Երբ ԱԺ պատգամավորը խոսում է ու դրանից հետո հարց է առաջանում՝ ինքը հասկանու՞մ է ինչ է խոսում, թե ոչ: Այդ նույն պատգամավորի նկատմամբ ժամանակին մահափորձ էր եղել, ինչ որ մեկն ասել է՝ դրան պետք է գյուլլել ու գնացել է գյուլլելու: Հիմա, իր տրամաբանությամբ, ճի՞շտ է արել, թե ոչ: Իհարկե, սխալ է արել: Մենք կփորձենք բացահայտել, թե այդ պատգամավորի դեմ ով է մահափորձ արել ու կդատենք: Նա էլ կարող է հազար պատճառ բերել, ասել՝ ես ուզում էի խփեի, սենց էր, սենց էր, սենց էր: Ասում ենք՝ ոչ, Հայաստանում հարցերը լուծվում են օրինականության շրջանակում», հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը փաստորեն հայտարարել է Վարդան Ղուկասյանի դեմ տարիներ առաջ գործված մահափորձի բացահայտման մասին: Այդ հայտարարությունն իսկապես անակնկալ է: Ինչու՞ է իշխանության այդ բարձր մակարդակով հայտարարվում գրեթե 12-ամյա վաղեմության մահափորձը բացահայտելու մասին: Վարդան Ղուկասյա՞նն է դիմել իրավապահներին, որ վերաքննեն դեռեւս 2008 թվականից կասեցված գործը, թե՞ նոր իշխանությունն է ինչ-ինչ շարժառիթով ձեռնամուխ լինում այդ գործին, ինչը այդ դեպքում կարող է նշանակել, որ դա գուցե բացում է նաեւ նախկին իշխող համակարգի այլ գործողությունների մի ամբողջ շղթա:

Բանն այն է, որ Գյումրու այն ժամանակ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ մահափորձը տեղի ունեցավ Հայաստանի համար ներքին շրջադարձային ժամանակաշրջանում՝ 2007-08 թվականների ընտրական փուլին ընդառաջ, երբ պետք է տեղի ունենար նախագահի փոփոխություն՝ Ռոբերտ Քոչարյանի սահմանադրական ժամկետը սպառվելու պատճառով: Այդ ժամանակ իշխող համակարգը կիսվում էր երկու մասի՝ ՀՀԿ եւ դրան զուգահեռ ստեղծվող ԲՀԿ, որի ստեղծման գործում ըստ այդ շրջանի մամուլի հրապարակումների եւ այլ նշանների, աշխույժ դերակատարում ուներ Ռոբերտ Քոչարյանը: Ընդ որում, ԲՀԿ-ն վայելում էր իրական մեծ ժողովրդականություն, հատկապես ընդդիմադիր դաշտի գործնականում զրոյացվածության պայմաններում:

Ներհամակարգային դիմակայության այդ շրջադարձային փուլում հանկարծամահ եղավ նաեւ ՀՀԿ նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Հենց նրա մահից օրեր անց ՀՀԿ խորհրդի նիստից Գյումրի վերադառնալիս էլ տեղի էր ունեցել Վարդան Ղուկասյանի դեմ մահափորձը: Ղուկասյանը ծանր վիրավորվել էր եւ նրա վիճակը ծայրահեղ ծանր էր: Մահափորձի հետեւանքով զոհվել էին նրա երեք թիկնապահներ:

Նիստը, որից Գյումրի էր վերադառնում Վարդան Ղուկասյանը, քննարկել էր Անդրանիկ Մարգարյանի փոխարեն ՀՀԿ նոր նախագահ առաջադրելու հարցը եւ այդ պաշտոնին առաջադրել Սերժ Սարգսյանին, որը 2006-ին էր անդամակցել ՀՀԿ-ին: Ըստ մամուլի, ՀՀԿ-ում միարժեք չի եղել այդ որոշումը, եւ այն ժամանակ եղան անանուն աղբյուրին հղումով հրապարակումներ, թե ՀՀԿ մի որոշակի թեւ դիտարկել է կուսակցության նախագահի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի առաջադրման տարբերակը, որն այդ ժամանակ փաստացի փոխվարչապետ էր: Ընդ որում, հրապարակվում էին տեղեկություններ, թե հենց Վարդան Ղուկասյանին են հորդորել առաջադրել Աբրահամյանի թեկնածությունը, ինչը սակայն նա չի արել:

Ղուկասյանն իր հերթին ՀՀԿ անդամ է դարձել Սերժ Սարգսյանի անդամության փուլում՝ 2006 թվականին, թեեւ նա գործնականում բավական սերտ հարաբերություն է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ: Ի դեպ, տարիներ անց Քոչարյանը հայտարարեց, որ այդ շրջանում մի շարք պաշտոնյաների հորդորել է ՀՀԿ մտնել՝ կուսակցությունն ընտրությունից առաջ ուժեղացնելու համար: Եղե՞լ է Վարդան Ղուկասյանն այդ թվում, թե՞ ոչ:

Միաժամանակ հստակ էր, որ ԲՀԿ-ն ստեղծող Քոչարյանի համար կարեւոր էր նաեւ ՀՀԿ վերահսկողությունը, քանի որ Սերժ Սարգսյանն էլ ՀՀԿ-ն էր դիտարկում իր իշխանական ծրագրերի իրականացման հենք: Ընդ որում, այդ համատեքստում հնարավոր է ենթադրել, որ նախագահ Քոչարյանն օրինակ կնախընտրեր, որպեսզի ՀՀԿ Խորհրդի նախագահի կարգավիճակ ունեցող Սերժ Սարգսյանի փոխարեն, կուսակցության նախագահի պաշտոնը զբաղեցներ հենց Հովիկ Աբրահամյանը, որը մեծ հաշվով ՀՀԿ-ն ավելի կառավարելի վիճակի կբերեր հենց Ռոբերտ Քոչարյանի, քան Սերժ Սարգսյանի համար:

Ի վերջո, հաղթեց Սերժ Սարգսյանը, եւ 2007 թվականի խորհրդարանի ընտրությունից հետո Ռոբերտ Քոչարյանը գնաց ՀՀԿ գրասենյակ նրան շնորհավորելու:

Արդյոք այդ ներքաղաքական կարեւորագույն փուլում խմորումները որեւէ կերպ առնչություն կարող էին ունենալ Վարդան Ղուկասյանի դեմ մահափորձին:

Մյուս կողմից, այլ գնահատականներով, մահափորձը կարող էր կապված լինել Գյումրու քաղաքապետի անձնական բիզնես գործունեության հետ: Նա փաստացի Գյումրու տերն էր, ընդ որում գործում էր միջոցների առաջ խտրություն չդնելով, հայտնվելով տարբեր աղմկոտ պատմություններում: Կար ենթադրություն, որ նրա դեմ մահափորձը կարող էր պայմանավորված լինել հենց անձնական, ոչ թե քաղաքական նկատառումներով, իսկ քաղաքական պահը՝ ՀՀԿ Խորհրդի նշանակալի նիստից վերադարձը կարող էր ընտրված լինել այսպես ասած «հետքը» քաղաքականի վրա տանելու համար:

Մի քանի տարի անց Սերժ Սարգսյանը մերժեց Վարդան Ղուկասյանին Գյումրու քաղաքապետի պաշտոնում, առաջադրելով ԲՀԿ թեկնածու Սամվել Բալասանյանին եւ հայտարարելով, որ դա իր թեկնածուն է: Վարդան Ղուկասյանը որոշ ժամանակ անց համալրեց ԲՀԿ ճամբարը եւ ներկայում պատգամավոր է ԲՀԿ ցուցակով: