Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կրկին չեմ կարող համաձայնվել ՀՀ վարչապետի կարծիքին՝ այս անգամ Արցախի հարցով։ Նա միանգամայն իրավացի է, պաշտպանելով Արցախի պատկանելիությունը Հայաստանին և հայ ժողովրդին, սակայն նրա փաստարկը, թե «Ինչպե՞ս կարող է մարդը օկուպացնել այն տարածքը, որտեղ ինքը ծնվել է», իմ կարծիքով, շատ խոցելի է։ Նույնը ասում էր Պուծինը Ղրիմում, նույնը վաղը ասելու են մեզ թրքերը՝ Արևմտյան Հայաստանի հարցով։ Խնդիրը ոչ թե ծննդավայրն է, այլ միջազգային իրավունքի հանցավոր խախտումը, որը տեղի ունեցավ 1921 թվականի մարտի 16-ի ապօրինի ռուս-թրքական պայմանագրի, իսկ չորս ամիս անց՝ բոլշևիկյան կուսակցության «Կավբյուրոյի որոշման» միջոցով, որից հետո Արևելյան Հայաստանը, Արևմտյան Հայաստանը, Արցախն ու Նախիջևանը միանգամայն անօրինական ձևով բաժանվեցին Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Դա նույնքան հանցավոր է և ապօրինի, որքան 1939 թ․ Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի միջոցով Բալթյան երեք երկրների և Լեհաստանի բաժանումը ԽՍՀՄ և Գերմանիայի միջև, և հենց այս նախադեպի տրամաբանությամբ պետք է ներկայացվի և մերժվի ՀՀ կողմից միջազգային ատյաններում՝ նույն միջազգային օրենքի սկզբունքով։ ՀԵԿ-ը ամիսներ շարունակ բարձրաձայնում է սա, դիմելով ԱԺ և Կառավարությանը։ Վարչապետի ելույթը ցույց է տալիս, որ առայժմ ապարդյուն․․․»։