Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀ վարչապետը Ստրասբուրգում մասնակցում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստին: Նիստի ընթացքում վարչապետը պատասխանեց նաև պատվիրակներից մեկի՝ ՀՀ-ում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին վերաբերող հարցին: «Հայաստանի Հանրապետությունում օրենքի գերակայություն է, Հայաստանում բոլոր քաղաքացիներն ունեն նույն իրավունքները և պարտավորությունները»,- ասաց Փաշինյանը:
Անդրադառնալով նախորդ տարի նոյեմբերին ՀՀ-ում չեղարկված ԼԳԲՏ համայնքի պլանավորած ֆորումին՝ վարչապետ Փաշինյանը նշեց. «Ես այդ դեպքի մասին լսել եմ, գիտեմ, բայց, անկեղծ ասած, չեմ կարող ասել պատճառները, թե ինչու է նման միջոցառումը չեղարկվել, ինչու է պլանավորվել, երբ է պլանավորվել և դա ինչ միջոցառում է. ես այդ խնդրի մասին, անկեղծ ասած, տեղյակ եմ միայն սոցիալական ցանցերում արված մեկ-երկու գրառման շրջանակներում և վախենամ՝ բավարար խորությամբ չեմ տիրապետում, որ ձեզ առավել մանրամասն պատասխան տամ»: