Մեր զրուցակիցն է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը

Պարոն Մելիքյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ԱԱԾ տնօրենին հանձնարարեց կոշտ հակահարված տալ սոցցանցերում հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ անող «ֆեյք» օգտատերերին։ Դրանից հետո Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ մեկ «ֆեյք» էջի տակ թաքնված անձը հայտնաբերվել ու ձերբակալվել է։ Խոսքը «Դուխով Հայաստան Բաց հասարակություն» էջի օգտատիրոջ մասին է։ Ինչպե՞ս եք գնահատում «ֆեյքերի» դեմ նմանօրինակ պայքարը և այն որքանո՞վ կարող է արդյունավետ լինել։

Եթե վարչապետն իր հանձնարարականում նկատի ուներ ազգային, ռասայական և այլ խտրականությունը, եթե վարչապետը նկատի ուներ պատերազմի քարոզչությունը կամ անկարգությունների, բռնությունների հրահրումը, դա մի բան է, այդ ամենը կարգավորվում է օրենսդրությամբ, և մեծ հաշվով վարչապետի հանձնարարականի կարիքը չկար։ Բայց այդ հանձնարարականում հիշատակվում է նաև տարատեսակ մանիպուլյացիաների և «ֆեյքերի» դեմ պայքարը ուժային կառույցի միջոցով լուծելու մասին։ Այս առումով անընդունելի է, քանի որ մանիպուլյացիաները և ֆեյքային լուրերի տարածումը շատ տարբեր են լինում։ Չի կարելի դա թողնել ուժային կառույցների հայեցողությանը։ Այստեղ սուբյեկտիվ մոտեցումների շատ լայն դաշտ է բացվում, ինչը կարող է իսկապես լուրջ հարված հասցնել խոսքի ազատությանը։ Դրա անթույլատրելիությունը իր խոսքում նշեց նաև վարչապետը։

Վկայակոչել մանիպուլյացիան և «ֆեյքերը» ու հանձնարարել ԱԱԾ-ին շատ կոշտ հակահարված տալ, այստեղ արդեն իսկապես հարցեր են առաջանում։ Ես կարծում եմ, որ այստեղ տաք գլխով որոշումներ պետք չի կայացնել, պետք է սառը գլխով մոտենալ խնդրին։ Կարծում եմ՝ այստեղ խոսքի ազատության և տեղեկատվության ազատության արժեքները պետք է լինեն շատ ավելի բարձր, քան այն հանձնարարականը, որ տրվեց կառավարության նիստի ժամանակ։

Իսկ «ֆեյքերի» դաշտը կարգավորելու ինչպիսի՞ հնարավորություններ եք տեսնում, որ դա չլինի գրաքննություն։

Դա աշխարհով մեկ տարածված խնդիր է, բայց մեկ ընդհանուր գաղափար կա, որին զարգացած ժողովրդավարական երկրները հետևում են. այն է՝ ցանկացած միջոցառում կամ օրենսդրական կարգավորում պետք է իրականացվի այնպես, որ խոսքի ազատությանը չվնասի: Այս առումով կան տարբեր միջոցներ: Մասնավորապես, եթե խոսքը վերաբերում է այն մանիպուլյացիաներին, որոնք վնասում են պետական քաղաքականությանը, ապա պետությունն ունի շատ հնարավորություններ դրան հակազդելու համար: Կառավարությունն ունի բավականին մեծ ՊՈԱԿ, որը զբաղվում է տեղեկատվության և հասարակայնության հետ կապերով, որը կարող է հակազդել մանիպուլյացիաներին ճշգրտված տեղեկատվություն տարածելով, հերքման կամ պատասխանի իրավունքն օգտագործելով: Բացի այդ, գոյություն ունի նախարարությունների խոսնակների ինստիտուտը, ամեն մի նախարարություն ունի հասարակայնության հետ կապերով զբաղվող ստորաբաժանում, որոնք եթե նույնիսկ մեծ չեն, նրանք ի զորու են ճշտված տեղեկատվությունը տարածել և ծածկել այն թյուրըմբռնումները, որոնք սերմանվում են մանիպուլյացիաների միջոցով:

Ես համոզված եմ, որ խոսքին պետք է պատասխանել խոսքով, հերքումներով, պարզաբանումներով: Դա միգուցե ավելի շատ աշխատանք է պահանջում, նաև պահանջում է ինֆորմացիոն քաղաքականության մշակում և իրագործում, բայց ոչ ռեպրեսիվ մեթոդներով հակազդեցություն: Ռեպրեսիվ մեթոդները միայն այն դեպքերում են կիրառվում, երբ առկա են քրեական դաշտում գտնվող իրավախախտումներ: Դա լրիվ այլ հարց է, և շատ հստակ դրանք պետք է տարանջատել: Իհարկե, օրենսդրական կարգավորումների առումով միգուցե կատարելագործման անհրաժեշտություն կա, և դրա վրա աշխատում են տարբեր խմբեր՝ լրագրողական կազմակերպություններ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, բայց դրա հետ մեկտեղ քաղաքական կամք է անհրաժեշտ խոսքի ազատությունն ու տեղեկատվության ազատությունն ավելի վեր դասելու:

Շատերը նշում են, որ հեղափոխությունից հետո աննախադեպ իրավիճակ է ստեղծվել, երբ ընդդիմության ձեռքին այսքան լրատվամիջոց ու հեռուստատեսություն կա, որը երբեք նախկին որևէ ընդդիմություն չի ունեցել: Սա ունի՞ իր մեջ վտանգ: Ընդհանրապես, մանիպուլյացիան ինչպե՞ս պետք է վերահսկել:

Այո, ես հենց դրա մասին եմ խոսում. եթե խոսքը տարատեսակ ազգային, կրոնական և այլ խտրականության դրսևորումների մասին է, դա մի հարց է, իսկ մանիպուլյացիան ու ֆեյքերը բոլորովին այլ հարց են, և դրանց տարբերակված պետք է մոտենալ: Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակին, ապա, այո, սա միանգամայն այլ իրողություն է: Իհարկե, դա իր մեջ բավականին վտանգներ է պարունակում, բայց դրա հետ մեկտեղ մենք պետք է հասկանանք, որ ապրում ենք նոր պայմաններում, որտեղ քաղաքական պայքարը տեղափոխվել է լրատվամիջոցներ և սոցիալական ցանցեր: Հենց այդպես էլ պետք է մոտենալ այդ իրողությանը: Գործնականում որևէ անկախ լրատվամիջոց կամ լրատվության աղբյուր մեծ հաշվով գրեթե չի մնում:

Այս պայմաններում միակ ազնիվ խաղի կանոնն այն է, որ լրատվամիջոցները և այն հարթակները, որոնք իրենց իդենտիֆիկացնում են որպես լրատվամիջոց, թափանցիկ լինեն իրենց սեփականատերերի առումով: Այստեղ արդեն անհրաժեշտ է պետության միջամտությունը, և օրենսդրական կարգավորում է պետք նախատեսել, ինչի վրա, անկեղծ ասած, արդեն սկսել են աշխատել տարբեր խմբեր, այդ թվում մեր կազմակերպությունը: Ուղղակի պետք է ամեն ինչ անել, որ լրատվական հարթակը, լրատվամիջոցը պարտավորված լինի բացահայտելու իր ոչ թե ֆորմալ, այլ իրական սեփականատիրոջը: Այդպիսի մեխանիզմներ միջազգային պրակտիկայում կան, որպեսզի խաղի կանոնները լսարանի հետ ազնիվ լինեն և ընթերցողը, կամ հեռուստադիտողը, ռադիոունկնդիրը տեղեկացված լինի, թե ով է այս կամ այն լրատվամիջոցի սեփականատերը և ինչ կարելի է ակնկալել այդ լրատվամիջոցից: Բացի դա, իհարկե, պետք է զարգացնել, սկսած դպրոցներից, բուհերից, և առհասարակ հասարակության մեջ պետք է տարածել մեդիագրագիտությունը, որ լսարանը հալած-թափած յուղի տեղ չընդունի ամեն մի ֆեյք լուր և հասկանա, թե ինչպես կարելի է դա ստուգել: Դա ևս կարևոր գործընթաց է և ժամանակակից պահանջ: Եթե մեդիադաշտը 21-րդ դարում այսպիսի փոփոխություններ է ապրում, ապա նաև լսարանին պետք է պատրաստել: lragir.am

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար