Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն ակտիվացել է վերջին օրերին՝ մեկ տեսանյութ է տարածում, որում ինքնաթիռում նրան են «մոտենում» հայ լրագրողները, մեկ անկարկներ է անում, որ Մնացականյանի հետ հաջորդ հանդիպումը Ռուսաստանի հովանու ներքո է լինելու: Այսօր էլ ստիպված է եղել հայտնել իր քաղաքականության գլխավոր նպատակը՝ տարաձայնություններ Երեւանի ու Ստեփանակերտի միջեւ:

Մամեդյարովը պատմել է, որ Ադրբեջանը դարձել է տարածաշրջանային լիդեր, իսկ Հայաստանն ավելի է աղքատանում: Նախարարը, պարզվում է, պարբերաբար հարցնում է հայ գործընկերներին, թե ինչու չեն ցանկանում լուծել ղարաբաղյան հարցը եւ դառնալ տարածաշրջանային նախագծերի մաս: «Նրանք երբեմն ասում են՝ գիտեք, Ղարաբաղում այնպիսի բարդ մարդիկ են: Բայց դա ձեր խնդիրն է, այլ ոչ թե մերը: Դուք պետք է բացատրեք մարդկանց, որ Հայաստանն առանց Ադրբեջանի հետ հարաբերություններ հաստատելու ապագա չունի», – ասել է Մամեդյարովը:

Բաքվին այլեւս ոչինչ չի մնում, քան տարաձայնություններ մտցնել Հայաստանի ու Ղարաբաղի միջեւ: Հայկական կողմին թուլացնելու մյուս բոլոր միջոցները չեն ստացվել՝ անգամ զենքի համար Ռուսաստանին փոխանցված միլիարդավոր դոլարները: Ապրիլյան պատերազմը ցույց է տվել «անտրամաբանականությունը» Ադրբեջանի տեսանկյունից՝ առաջին հարվածներից հետո մարդիկ ոչ թե սկսել են հեռանալ Ղարաբաղից, այլ ուխտագնացություն է սկսվել դեպի Ղարաբաղ: Ռուս փորձագետներն անգամ զարմանում էին՝ աշխարհում ռազմական գործողությունները հանգեցնում են փախստականների հոսքի, իսկ Ղարաբաղից ոչ միայն չէին գնում, այլ ողջ հայությունն էր ձգտում Ստեփանակերտ:

Հիմա էլ ադրբեջանցի նախարարը փորձում է սեւացնել Երեւանի իր հայ գործընկերներին ու «ցույց տալ» ղարաբաղցիներին, որ նրանք իբր պատրաստ են հող հանձնել, բայց Ստեփանակերտում «այսպիսի դժվար մարդիկ են»:

Սպիտակ թելերով կարված էժան մանիպուլյացիա: Երեւանում ու Ստեփանակերտում բավարար խելք ու ինքնապահպանման բնազդ ունեն նման մանիպուլյացիան «աութ» ուղարկելու համար:

Հայաստանի որոշ շրջանակներում այս գաղափարն այս կամ այն տեսքով վաղուց շրջանառվում է: Եթե անգամ այդ պնդումները կապված չեն ադրբեջանական պրոպագանդայի հետ, սակայն ֆեյքերի ու մանիպուլյացիաների դեմ պայքարի շրջանակում վաղուց ժամանակն է ուշադրություն դարձնել Հայաստանում արտաքին ուժերի աշխատանքի վրա: Ժամանակն է պարզել, թե որն է մեր ներքին օրակարգը եւ որտեղ՝ օտար հատուկ ծառայությունների բացահայտ աշխատանքը: Կասկածներ կան, որ բոլոր դժբախտությունները միայն ներքին թշնամուն վերագրելը լավ քող է արտաքին, ավելի իրական թշնամու աշխատանքի համար:

Մամեդյարովի «անկեղծությունը» վկայում է, որ մյուս բոլոր փաստարկներն ու միջոցները սպառված են: lragir.am

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան