«Հարգելիներս, ես ցուցում եմ տվել ստացված օպերատիվ տեղեկությանը օրենքով նախատեսված ընթացք տալու մասին, ինչի արդյունքում հարուցվել է քրգործ:
Ցուցումը տվել եմ վարչապետին ենթակա մարմնին: Ամեն ինչ կարգին է, ամեն ինչ օրինական է:
Շնորհակալ եմ ձեր մտահոգությունների համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք՝ նախօրեին ՀՀ վարչապետը գրառում էր կատարել՝ նշելով, որ իր անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իր մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով:
Այսօր Գյումրիում շրջայցի ժամանակ նա անդրադարձավ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարությանը, թե քրեական գործ հարուցելու ցուցում տալու լիազորություն վերապահված է բացառապես դատախազին, այլ՝ ոչ վարչապետին. «Այո՛, թող քրեական գործ հարուցեն, ինձ տանեն դատեն»,- լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Փաշինյանը: