3 տարի առաջ՝ 2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, Ադրբեջանը 1994 թ․ զինադադարից այս կողմ սկսեց ամենաարյունալի մարտական գործողություններն Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով։ Առավել թեժ մարտեր էին արցախա-ադրբեջանական շփման գծի հարավային (Հադրութ) եւ հյուսիսարեւելյան (Մարտակերտ) ուղղություններում։ Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ 2016թ. ապրիլյան քառօրյայի ժամանակ զոհվեց 100-ից ավելի զինվորական ու քաղաքացիական անձ. 58 սերժանտ եւ շարքային զինծառայող, 20 սպա եւ ենթասպա, 14 աշխարհազորային (կամավորականներ), 6 պահեստազորային եւ 4 քաղաքացիական անձ։ «Ապրիլյան քառօրյա» անունով այս պատերազմը, շատերի գնահատմամբ, պետական դավաճանության հետեւանք եւ արդյունք էր։ Ապրիլյան պատերազմի հետեւանքների, դասերի ու նշանակության մասին զրուցել ենք պաշտպանության նախկին փոխնախարար, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արտակ Զաքարյանի հետ։

- Արցախյան պատերազմի 3-րդ տարելիցն է։ Եթե հետադարձ հայացք նետենք 3 տարվա վաղեմության իրադարձություններին, ի՞նչ սխալներ թույլ տվեցինք, ի վերջո, այդ 800 հեկտարը, Ձեր գնահատմամբ, կորո՞ւստ էր, թե՞ ոչ եւ հնարավո՞ր էր դրանից խուսափել, ինչպես նաեւ նվազեցնել մարդկային կորուստները։

- Նախ՝ Արցախյան պատերազմը 1991-ից է սկսվել, եւ ոչ թե 100, այլ հազարավոր զոհեր, անհետ կորածներ ու վիրավորներ ենք ունեցել: Ապրիլյան քառօրյա մարտական գործողություններն ապացույցն էին նրա, որ Ադրբեջանի հետ ուժի դիրքերից խոսելը միշտ պետք է լինի մեր օրակարգում։ Որքան էլ մենք լցված լինենք խաղաղասիրական, մարդասիրական ցանկություններով, միեւնույն է՝ ադրբեջանցին պետք է իմանա, որ ուժի ազդեցությունը դրանից չի պակասելու: 800 հեկտարի մասին շատ է խոսվել: Մենք, իհարկե, կարող էինք վերադարձնել այն մեր ազդեցության տակ, բայց այդ ժամանակ քաղաքական ղեկավարությունը եւ պաշտպանության նախարարությունը կայացրեց այլ որոշում՝ չգնալ նոր հավանական կորուստների ճանապարհով ու մարտավարական նշանակության խնդիրը լուծել այլ կերպ: Կյանքը ցույց տվեց, որ դա արդարացված որոշում էր: Ադրբեջանը ոչինչ չի շահել դրանից, այլապես կշահարկեր ու կխորացներ իր ռազմական հռետորաբանությունը, չէր գնա բանակցությունների:

- Այն ժամանակ սարսափելի տեղեկություններ էին հասնում, եւ դրանք առայսօր չեն հերքվել, որ մեր ռազմաճակատի գիծը լավ կահավորված չէր, չի եղել դիզվառելիք եւ այլն։ Այս տարիներին ի՞նչ է արվել իրավիճակը փոխելու համար թե՛ առաջնագծում, թե՛ այլ դիրքերում։

- Գիտեք՝ միշտ էլ կարելի է բարձրացնել հարցի էմոցիոնալ կողմը։ Այդ օրերին ես պատգամավոր էի, եւ մեզ էլ էին այդ հարցերը հուզում: Դրանց վերաբերյալ տարբեր հարթակներում եղել են բազմաթիվ քննարկումներ: Եթե փորձեք այդ հարցերին նայել զինվորականի աչքերով, ապա անակնկալ հարձակումները զինվորական ստորաբաժանումների համար առաջնային փուլում միշտ էլ որոշակի խնդիրներ են առաջ բերում: Պաշտպանական կողմի համար հակառակորդի առաջին հարվածը պահելը եւ թիկունքի ստորաբաժանումներին ներգրավելը պատերազմին պատրաստվելու կարեւոր խնդիրներից մեկն է: ԼՂՀ պաշտպանության բանակը երբեք խնդիր չի ունեցել ո՛չ վառելիքի, ո՛չ էլ զինամթերքի հարցերում: Որպես օրինակ ասեմ, որ այդ օրերին Արցախի ՊԲ-ն օգտագործել է այնքան հրետանային արկ, որը չի օգտագործվել Արցախյան պատերազմի ողջ ընթացքում: Իսկ առաջնագծի կահավորումը մարտական գործողություններից հետո շարունակում է մնալ առաջնային հարցերից մեկը: Այսօր անհամեմատ ավելի մեծ է ժամանակակից սարքավորումներով հագեցվածությունը: Դա անընդհատ աշխատանք է: Սպառազինության եւ տեխնիկական միջոցների արդիականացումը նույնիսկ ամենահզոր բանակներում իրականացվում է մշտապես, եւ չի կարելի տարածել այն սխալ տեսակետը, որ ապրիլյան քառօրյայի պատճառը դիրքերի կահավորումն է եղել: Այդ դեպքում ինչպե՞ս վերաբերվենք Արցախյան պատերազմի տարիներին, երբ տարրական ինժեներական աշխատանքներ անգամ չեն եղել, բայց ընթացել են ինտենսիվ մարտական գործողություններ:

- Պնախարարը Նյու Յորքում հայտարարել է, թե չեն լինելու նոր տարածքներ՝ խաղաղության դիմաց, լինելու են նոր պատերազմ, նոր տարածքներ։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, նաեւ այն, որ ՀՀ ՊՆ-ն սփյուռքից ակնկալում է հանգանակություններ։

- Կոնֆլիկտների կարգավորման պատմության ընթացքում տարածքներ անվտանգության դիմաց բանաձեւ աշխարհում չի եղել եւ լինել չի կարող: Մեր պարագայում դա դասական ինքնասպանություն է: Իսկ ի՞նչ պետք է անի Հայաստանի պաշտպանության նախարարը: Հասկանալի է, որ նոր պատերազմի նախաձեռնողը մենք չենք լինելու: Նախկին բոլոր նախարարներն էլ ասել են, որ եթե Ադրբեջանը սանձազերծի նոր պատերազմ, ապա պետք է պատրաստ լինի ընդունել մարտական գործողություններն իր ներկայիս տարածքներում: Սա պատերազմի օրենք է, եւ այն ոչ ոք չի չեղարկել: Այնպես որ, Դավիթ Տոնոյանի հայտարարությունը շատ նորմալ եւ հասկանալի հայտարարություն է: Ես շատ կոշտ կքննադատեի Դավիթ Տոնոյանին, եթե որպես Պնախարար՝ նա խաղաղության եւ անվտանգության թվացյալ ապահովումը տեսներ տարածքների վերադարձի մեջ: Բայց, իհարկե, մեր նպատակը դա չէ, մեր նպատակը շատ հստակ է՝ բանակցությունների միջոցով հասնել Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի իրացմանն ու միջազգային ճանաչմանը: Ինչ վերաբերում է սփյուռքից հանգանակությանը, ապա այն միշտ դիտարկվել է որպես լրացուցիչ աջակցություն՝ մեր երկրի համար կենսական նշանակության ծրագրեր իրականացնելու համար: Դա մեր հայրենակիցների մասնակցության ձեւերից մեկն է Հայաստանի եւ Արցախի զարգացման գործում:

- Ինչպես նշում են զինվորականները՝ մեր զինված ուժերում վերապատրաստում անցնում են ՌԴ-ում, իսկ ռուսական զինվորական դոկտրինը կառուցված է «մարդ՝ մարդու դիմաց» սկզբունքով, ի տարբերություն արեւմտյանների։ 2-րդ աշխարհամարտում ռուսները, ըստ ռազմական փորձագետների, հաղթեցին սրա շնորհիվ, բայց հիմա 2019 թվականն է՝ մի կողմից, եւ մյուս կողմից՝ արդյոք այս հարցում Հայաստանը՝ որպես բնակչության քանակով ոչ մեծաթիվ երկիր, չպե՞տք է այլ դիրքորոշում ունենա։

- Հայկական զինված ուժերն իրենց առջեւ դրված մարտավարական եւ ռազմավարական նշանակության խնդիրները լուծում են ըստ մեր ունեցած մարդկային ռեսուրսների, մարտական եւ մասնագիտական պատրաստվածության անհրաժեշտ մակարդակի, պաշտպանական եւ հարձակվողական նշանակության սպառազինության ու տեխնիկայի, ինչպես նաեւ աշխարհագրական տեղանքի: Իսկ ՌԴ ռազմաուսումնական հաստատություններում մեր զինվորականները պատրաստվում եւ վերապատրաստվում են անհրաժեշտ պատրաստվածության մակարդակն ունենալու եւ մեր զինանոցում առկա զինատեսակներն արդյունավետ կիրառելու համար: Եթե ՌԴ-ում են պատրաստվում, դա չի նշանակում, որ անպայման ռուսական բանակի մարտավարական ու ռազմավարական ծրագրերով պետք է լուծվեն մեր մարտունակության հարցերը: Նույնկերպ նաեւ ՆԱՏՕ-ի կրթական ծրագրերն ամբողջությամբ չեն համապատասխանում մեր չափանիշներին, սակայն այնտեղից եւս մենք վերցնում ենք այն, ինչ մեզ անհրաժեշտ է՝ հատկապես բարեվարքության, պաշտպանական քաղաքականության եւ խաղաղարար առաքելությունների արդյունավետ իրականացման հարցերում: hraparak

Անուշ Դաշտենց