Տարիներ շարունակ ասել և հիմա էլ պնդում եմ, որ ադրբեջանա-արցախյան հակամարտությունը քաղաքական լուծում չունի։ Տարբեր ժամանակաշրջաններում այս հարցում «հնարավորությունների պատուհաններ» տեսնող քաղաքական գործիչները կա՛մ ստել են, կա՛մ իրավիճակ են խաղարկել, կա՛մ էլ պարզապես չեն պատկերացրել գործընթացի էությունը։
Առավել իրատես ղեկավարները, փոխզիջումների մասին խոսելով հանդերձ, մշտապես պատերազմի են պատրաստվել՝ զենք-զինամթերք գնել, Ազգ-Բանակ կոնցեպցիա մշակել, ժողովրդին տրամադրել երկարատև հակամարտության...
Եթե ինքներս մեզ հետ անկեղծ լինենք, կտեսնենք, որ դա արցախյան խնդիրը մեր օգտին լուծելու միակ օպտիմալ ուղին է, որը լիարժեք անցնելու համար ժամանակ է պետք։ Երբ ես առաջարկում եմ Փաշինյանին հրաժարվել Արցախը հենց այս պահին բանակցությունների կողմ դարձնելու գաղափարից, առաջին հերթին հենց դա նկատի ունեմ։ Այսպես կոչված բանակցային գործընթացը չի կարելի դեպի փակուղի տանել։ Ճիշտ հակառակը՝ պետք է անընդհատ բանակցել, թեկուզ հարյուր տարի, իսկ վերջում, երբ բոլորին կթվա, որ արդեն հանգուցալուծման ժամանակն է, թող ասպարեզ գա պաշտոնական Ստեփանակերտը և ևս մի հարյուր տարի ձգձգի բանակցությունների հանգուցալուծումը։
Մենք բոլորս պետք է հասկանանք, որ այդ ժամանակը մեզ չափազանց անհրաժեշտ է։ Առնվազն Արցախի ողջ տարածքները լիարժեք յուրացնելու և բնակեցնելու համար։ Դրանից հետո թեկուզ ջրհեղեղ լինի, միևնույն է, հակամարտության արդյունքն ամբողջությամբ արտացոլելու է հայ ժողովրդի շահն ու իղձը։
Ասածս այն է, որ խնդրի լուծումը բանակցությունների սեղանին չէ։ Տեղում է պետք աշխատել։ Արցախում։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ