ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, Panorama.am: «Քաղաքականության մեջ Հանրապետականի խոսուն դերակատարությունը չի պայմանավորվում մանդատներով։ Մենք այսօր էլ կարողանում ենք, լինելով արտախորհրդարանական քաղաքական թիվ մեկը ուժը, թելադել քաղաքական օրակարգ»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նրա խոսքով՝ մանդատը տալիս է որոշակի հնարավորություն, բայց չի փոխարինում քաղաքական գիտելիքն ու կամքը։
«Այս տասը ամիսների մեջ պետք է փնտրել լավը, այո, ստացած բոլոր հարվածները, դժվարությունները, մարտահրավերները ոչ միայն չվերացրեցին կուսակցությունը, այլ ամրացրեցին ու կուռ դարձրեցին»,- նշեց Աշոտյանը։
Ինչ վերաբերում է Արցախի հարցին, ՀՀԿ փոխնախագահն ասաց. «Անկախ այսօրվա կառավարության նկատմամբ վերաբերմունքից՝ այս հարցի շուրջ մենք մնում ենք պետականամետ։ Այս հարցի շուրջ քաղաքական մեկտեղման մշակույթի անհրաժեշտություն կա։ Կա օրակարգ, որը հանրապետականն անկախ այս ստոր ու նենգ քաղաքական պրոցեսներից, որ իրականացվեց մեր հանդեպ, պատրաստ է դնել մի կողմ և քաղաքական կարևորություն տալ հարցերին, որոնք բացարձակ կապ չունեն օրվա իշխանության հետ»։
Անդրադառնալով առաջիկայում սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպմանն՝ ասաց. «Այս հանդիպումը թեպետ չորրորդն է իրենց կյանքում, բայց առաջին պաշտոնական հանդիպումն է, հետևաբար սիլիբիլիի, քաղաքական զավզակության ժամանակն անցել է։ Ես Փաշինյանին հաջողություն եմ մաղթում այս հանդիպման ժամանակ։ Չեմ չարախնդա, եթե տապալում լինի, քանի որ այդ տապալման գինը վճարելու ենք բոլորս»։
Լրագրողների հարցին, թե երբ է գալու երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից նշված ժամանակը հասարակությանը հետաքրքրող հարցերին պատասխանելու համար, Աշոտյանն ասաց. «Ժամանակը մոտենում է: Սերժ Սարգսյանը կանդրադառնա հասարակությանը հետաքրքրող բոլոր հարցերին։ Ես շատ մոտ եմ Սերժ Սարգսյանի հետ, բայց չեմ պատրաստվում նրա փոխարեն խոսել»:
Մեկ այլ հարցի, թե ինչու Սերժ Սարգսյանը չի եկել Եռաբլուր, ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ տեղյակ չէ. «Երևի այսօր այլ գործեր ունի, որովհետև միշտ կուսակցական միջոցառումներին ներկա է լինում: Նրան փնտրել բացարձակ պետք չէ: Այսօր գնալու եմ գրասենյակ՝ իրեն բազմաթիվ զեկուցելու հարցեր ունեմ»։
Հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանը կհամաձայնի հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, եթե համապատասխան առաջարկ ստանա, նա ասաց. «Ես վստահ եմ, որ համապատասխան անհրաժեշտության դեպքում Սերժ Սարգսյանը կարող է ընդունել նման առաջարկ: Ասեմ ավելին՝ միգուցե Նիկոլ Փաշինյանը շատ է ուշացնում»: