Բուհերում գիտամանկավարժական գործունեություն իրականացնող անձինք, ովքեր ընտրվել են նաև քաղաքական պաշտոններում, բուհերի հետ աշխատանքային գործունեության պայմանագիրը կշարունակեն ժամկետային կարգով: ԱԺ-ն չընդունեց գլխադասային հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը: «Արմենպրես»–ի հաղորդմամբ` «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պետրոսյանի, Իվետա Տոնոյանի և Նորա Առուստամյանի ներկայացրած նախագիծը քննարկվեց ԱԺ մարտի 26-ի նիստում:

«Նախագծի բովանդակությունը հետևյալն է, որ ՀՀ գործող աշխատանքային օրենսգրքի համաձայն թույլատրվում է ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքել համատեղությամբ աշխատողի հետ: Այն նորմի այս վիճակով իրավակարգավորման պայմաններում նախորդ ԱԺ-ում այսպիսի իրավիճակ եղավ, երբ գիտամանկավարժական գործունեություն իրականացնող դասախոսները ընտրվում էին քաղաքական պաշտոններում, և չնայած բուհերի հետ ունեին անժամկետ պայմանագրեր, բուհերը նրանց քաղաքական պաշտոնում ընտրվելու հանգամանքը մեխանիկորեն հիմք ընդունելով, նրանց անորոշ ժամկետով կնքած աշխատանքային պայմանագիրն առանց աշխատողի համաձայնության դարձնում էին ժամկետային: Եթե տվյալ աշխատողը տվյալ բուհի համար իրականացնում է մշտական բնույթ կրող գործունեություն, ի՞նչ նշանակություն ունի, որ նա ընտրվել է քաղաքական պաշտոնում»,-ներկայացրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Նրա խոսքով` դա հատկապես վերաբերում է պատգամավորներին, քանի որ գործող օրենսդրության համաձայն պատգամավորն այն եզակի պետական բարձրաստիճան պաշտոնատար անձն է, ով աշխատում է չնորմավորված աշխատաժամանակով:

«Այսինքն՝ նա լիարժեք իրավունք ունի պատգամավորի աշխատանքը զուգորդել գիտամանկավարժական գործունեության հետ: Առաջարկն այն է, որ մարդիկ, ովքեր դառնում են պատգամավոր կամ ընտրվում են, օրինակ, համայնքի ղեկավար, իրենց բուհերի հետ աշխատանքային հարաբերությունները շարունակեն անորոշ ժամկետով»,- նշեց պատգամավորը:

Նախագծին կողմ քվեարկեց 39 պատգամավոր, դեմ` 68: