Արցախի Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության պատգամավոր Հովիկ Ջիվանյանի դիտարկմամբ՝ առաջիկայում նախատեսվող Փաշինյան-Ալիև հանդիպմանը կոնկրետ բանակցային օրակարգ չի լինելու: Tert.am-ի հետ զրույցում նա մատնանշեց, որ այդ մասին ասել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ամբողջ խոսակցությունն այն մասին է, որ ցանկանում են նախ վերականգնել հիմնական բանակցային ձևաչափը, նոր օրակարգ, առաջարկներ չեն քննարկվելու: Թե որքանով կհաջողվի հայկական կողմին, չենք կարող ասել: Ես չեմ սիրում գուշակություններ անել»,- ասաց նա:
Հատուկ սպասելիքներ, Հովիկ Ջիվանյանը չունի նախատեսվող հանդիպումից: «Միանշանակ պետք է շարունակենք պնդել մեր դիրքորոշումը, միևնույն ժամանակ մենք պետք է միշտ իրատես լինենք և պատրաստ լինենք այլընտրանքին, իսկ դա պատերազմն է»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե ինքն ինչ է կարծում` պե՞տք է գնալ հանդիպման՝ նաև «Մադրիդյան սկզբունքները» պարզաբանելու համար, թե՞ պետք է դրանք մերժել, Հովիկ Ջիվանյանը նշեց, որ ոչ մի տեսակի խոսակցությունից չպետք է փախչել:
«Պետք է պարզաբանումներ լինեն: Բանակցություններն ի՞նչ են․ երբ մասնակցում ես դրան, դու պետք է նաև հասկանաս, եթե չգնաս, ապա դրա այլընտրանքը որը կլինի: Այլընտրանք կարող է լինել այն, որ ասես՝ ես խոսակցության պատրաստ չեմ, ե՛կ պատերազմենք: Եթե պատրաստ ես դրան, կարող ես գնալ դրան: Ես չգիտեմ՝ որն է ճիշտը: Շատ մեծ տեղեկություն է պետք, պետք է իմանաս՝ դու ինչ վիճակում ես, դիմացինդ ինչ վիճակում է գտնվում: Վստահ եմ՝ պատկան կառույցներն ունեն այդ տեղեկատվությունը և գիտեն՝ ինչ անել»,- ասաց նա:
Արցախցի պատգամավորի խոսքով՝ ամեն դեպքում, մենք մեր մտքում պետք է պատրաստ լինենք ամենավատ սցենարներին: «Անկախ նրանից, թե մենք ինչ ակնկալիքներ ունենք, պետք է իմանանք, որ մենք ամեն օր, ամեն վայրկյան պետք է ուժեղանանք: Կան երկու կողմեր, և բանակցությունների ընթացքում՝ ամեն պահի, ում օգտին աշխատեց ուժային հավասարակշռությունը, նա է պահանջներ ներկայացնելու»,- ասաց նա:
Իսկ թե արդյոք հայկական կողմը հայտնվեց թույլ դիրքերում միջազգային հանրության կողմից Արցախը բանակցային սեղանին վերադարձնելու ՀՀ-ի առաջարկը մերժելուց հետո, Հովիկ Ջիվանյանի խոսքով՝ կարող ենք խոսել դիրքերի թուլացման մասին, երբ մեր պետականության հիմքերը թուլանան:
«Միջազգային հանրությունը միշտ հաշվի է նստում իրականության հետ: Միջնորդները արդեն քսան տարուց ավելի է նույն բանն են կրկնում․ իրենք միջնորդ են, ոչինչ չեն որոշում, ամեն ինչ կախված է կողմերից»,- ասաց նա:
Խոսելով հայկական կողմի ամրության մասին` նա նշեց, որ անձամբ իր մասին կարող է ասել, որ պատրաստ է ընդհուպ մինչև անձնազոհության: «Բայց դա հարցի լուծում չէ: Վստահ եմ՝ մեր ժողովուրդն էլ ավելի մեծ ինքնազոհության է պատրաստ, քան մեր հակառակորդը: Բայց արդյո՞ք դա է մեզ պետք: Ես չեմ կարող գնահատել: Այնպես որ, մեր հետագան կախված է ավելի շատ մեզնից, քան հակառակորդից կամ միջնորդներից: Ինչ կցանենք, այն կհնձենք․ կուժեղանա՞նք` կհաղթենք, կթուլանա՞նք` կպարտվենք»,- ասաց նա: tert.am

Հռիփսիմե Հովհաննիսյան