Շաբաթօրյակը լավ է․ բան չեմ ասում։ Կոմունիստների ժամանակ էլ կազմակերպում էին՝ զուռնա- դհոլով, քեֆ ու պարով․․․ Ուսանող- լրագրող էի՝ թռվռուն։ Զարմանում էի, որ մեկը տանը չէր մնում, ահել- ջահել դուրս էին գալիս։ Մտքումս ինքս ինձ հարցնում էի՝ տեսնես ով է կազմակերպում։ Տարբեր խմբերում աշխատող մարդկանց հարցնում էի՝ ո՞վ է կազմակերպել։ Պետությու՛նը,- պատասխանում էին։ Պետություն բառն ասելիս, մի տեսակ լրջանում էին։ Այսինքն մարդը, ով կազմակերպում էր, ինքը չէր երևում։ Դա պետական ծրագիր էր։ Մի հոգի իր վրա չէր վերցնում՝ լրատվամիջոցների, մասնակիցների ողջ ուշադրությունը սևեռելով իր վրա։ Պատասխանատվությունն ամբողջովին ընկնում էր պետական ողջ ապարատի վրա։ Կազմակերպչական, քարոզչական պատասխանատվությունը։ Կազմակերպիչը, պատասխանատուն չէր երևում։ Այնպես սահուն, նուրբ էին կազմակերպում, որ յուրաքանչյուր քաղաքացի ներքուստ համոզված էր, որ ինքն է շաբաթօրյակի տերը։

Այսօր պետության այդ հոտը չեմ զգում։ Քաղաքացին իրեն շաբաթօրյակի տեր չի համարում։ Նիկոլը շաբաթօրյակ է կազմակերպել,- այդպես են ասում։ Մի մասը աշխատում, մյուս մասը ծաղրում, շոու է համարում շաբաթօրյակը։ Տասնյակ նկարներ եմ ստացել՝ թե ինչպես է վարչապետը ավլում, գետնից վերցնում աղբը, դիտողություն անում «փնթիներին»․․․ Ուղարկողներին չեմ ճանաչում, կիսվում են։

Ինչու՞ է այդպես, փորձե՞լ եք այդ ուղղությամբ մտածել։ Ինչու՞ են շոու, թատրոն համարում շաբաթօրյակը։

Նիկոլ Փաշինյանը իրենով է արել ողջ դաշտը։ Դա պետք է ընդունենք։ Պետական մտածողություն ձևավորելու համար անձի շուրջ չեն համախմբում։ Քաղաքացու օր է սահմանել, երբ մարդկանց մեջ «պետության գաղափարի վերջին փշուրներն անգամ փոշիացվել է»։ Ես, ես, ես, ես, ես․․․իմ ընտանիքը, շրջապատը։ Շաբաթօրյակն անգամ իրենով է արել, իր նազիր- վեզիրներով։ Մարդիկ կանգնած նրան են նայում, թե ինչպես է ավելով մաքրում աղբը։ Ծայրահեղությունների մեջ չպետք է ընկնել։ Աղբը մաքրելու մեջ վատ բան չկա, անձի շուրջ կենտրոնանալու մասին է խոսքը։ Եթե սա համապետական ծրագիր է, այդ մակարդակով գործը պիտի տարվեր։ Ինքը պարտադիր չէր, որ այդքան մեծ պլանով երևար, ծածկեր ամեն ինչ։ ։ Մի անձի շուրջ «պարելու համար» ինչքա՜ն կարելի է հնարքներ բանեցնել․․․

Համապետական շաբաթօրյակը չպետք է քաղաքականացնել։ Եթե տարբեր ճամբարներից սրեր են ճոճվում, ուրեմն քաղաքականացվում է։

Ամեն ինչ երկրի, պետության, հայրենիքի համար։ Անձի շուրջ բավ է վիճենք, վիրավորենք միմյանց, թշնամանանք, հայտնվենք տարբեր ճամբարներում։ Մարդիկ, ովքեր լռում ու թատրոններին չեն մասնակցում, միգուցե ավելի մեծ վաստա՞կ ունեն․․․

Տխուր է․ մտածելու շատ բան ունենք։ Ամեն մի մեծ միջոցառում ավելի է խորացնում տարանջատումը։