Երեկ նախագահ Արմեն Սարգսյանը անակնկալ մատուցեց հանրությանը՝ Սահմանադրական դատավորի թափուր տեղի համար առաջադրելով իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը։ Իսկապես, սա անակնկալ էր՝ հաշվի առնելով, որ իշխանությունը ամեն կերպ ցանկանում է այդ պաշտոնում տեսնել մեկ անգամ խորհրդարանի կողմից մերժվեց հայտնի իրավաբան Վահե Գրիգորյանին։ Չի բացառվում, որ նախագահը այդ որոշմանը հանգել է Արոնյանի հետ հանդիպելուց և շախմատային քայլերի մասին քննարկումներ անելուց հետո։ Հիշենք, որ հայտարարված առաջին մրցույթում Հովհաննիսյանի թեկնածությունը չէր էլ քննարկվել, իսկ երկրորդ մրցույթում իշխանությունը խիստ օպերատիվ որոշեց սահմանադրական դատարանի մասին օրենքում փոփոխություն անել։ Պատճառն այն է, որ Գոռ Հովհաննիսյանը հայտարարել էր, որ խորհրդարանի կողմից մեկ անգամ մերժված թեկնածուին առաջադրելը հակասահմանադրական է, քանի որ օրենքում նշվում է, որ նոր, այսինքն՝ ոչ հին, նախկինում չառաջադրված թեկնածու պետք է առաջադրել։ Օրենքը չխախտելու համար գործադիրն որոշեց վերացնել «նոր թեկնածու» ձեւակերպումը, փոխարենը գրել թեկնածու։ Այս փոփոխությունը քննարկելու համար մարտի 26-ին ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել։ Բայց շաբաթն ուրբաթից շուտ եկավ, երեկ արդեն նախագահը ներկայացրեց իր թեկնածուին՝ ըստ էության շախ եւ մատ անելով իշխանությանը։