Թուրքական Gazeteduvar կայքը գրում է, որ Հայաստանի հետ սահմանակից Կարս եւ Իգդիր նահանգներում ՏԻՄ ընտրություններին Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը թեկնածու չի առաջադրել եւ պաշտպանելու է «Ազգայնական շարժում» կուսակցության թեկնածուներին։ Ըստ կայքի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Էրդողանից պահանջել է Հայաստանի հետ սահմանակից նահանգները հանձնել ազգայնական ուժերին՝ հայամետ քրդական կուսակցությանը հաղթելու շանսեր չտալու համար։

Կարսի ու Իգդիրի նահանգներում վերջին տարիներին տեղի է ունենում ադրբեջանական բնակչության վերաբնակեցում, Իգդիրում ադրբեջանցիները կազմում են բնակչության մի զգալի մասը: Այս նահանգներում Բաքուն նաեւ խոշոր ներդրումներ է անում: Մտադրություն կա Նախիջեւանը եւ Կարսը կապել տարբեր հաղորդակցություններով, տնտեսական նույն գոտու մեջ ներառելու նպատակով:

Այսպիսով, Անկարան ու Բաքուն մտադիր են փոխել այս նահանգների բնակչության հաշվեկշիռը հօգուտ թուրք բնակչության:

Երկու տարի անց լրանում է Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի 100-ամյակը, որով Հայաստանի կազմում գտնվող Նախիջեւանը, Կարսը եւ Իգդիրը անցել են Թուրքիային ու Ադրբեջանին: Հայաստանի ստորագրությունը չկա այդ պայմանագրի տակ:

Ներկայում Անկարան ու Բաքուն փորձում են թույլ չտալ պայմանագրի վերանայումը, այդ թվում Ռուսաստանի ու Վրաստանի աջակցությամբ: Նշենք, որ 1946 թ. Սովետական կառավարությունը մտադիր էր այս նահանգները վերամիավորել Հայաստանին, մի փոքր հատված էլ՝ Վրաստանին, եւ վերջինս ամեն կերպ խոչընդոտեց այս ծրագրին: Նշենք նաեւ, որ նախկին օսմանյան տարածք Բաթումն ու Աջարիայի մի մասը Վրաստանին են անցել Մոսկվայի 1921 թ. պայմանագրով՝ Հայաստանի Հանրապետության մաս Արարատ լեռան եւ Սուրմալույի (Իգդիրի) նահանգի դիմաց, որոնք մինչ այդ երբեք օսմանյան չեն եղել: