Ինչ էլ որ խոսելու լինեն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կողմերը կամ միջնորդները, ինչպիսին էլ լինեն պատկերացումները խնդրի լուծման ուղղությամբ, մի բան հստակ է. մենք չենք կարող սառել ժամանակի մեջ: 2019 թվականին մենք չենք կարող շարժվել մինչ 1991 թվականը գոյություն ունեցող իրողությունների տրամաբանությամբ և վերադառնալ խորհրդային անցյալ:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը՝ անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ վերջերս տեղի ունեցող իրադարձություններին:
«Մենք բազմիցս ենք հայտարարել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հիմքում Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյության հարցն է: Եթե 90-ականների պատերազմը վաղ անցյալ էր թվում, որից հետո սերունդ է փոխվել, այդ թվում՝ հիմնախնդրով զբաղվող դիվանագետների, միջնորդների, ապա Ադրբեջանն իր իրական ցանկությունների մասին հիշեցրեց նաև վերջերս՝ 2016թ. ապրիլին Արցախի ժողովրդի դեմ սանձազերծելով նոր պատերազմ և գործելով պատերազմական նոր հանցագործություններ:
Տրամաբանական կլիներ, եթե միջնորդներն իրենց առաջարկություններում և երաշխավորագրերում հաշվի առնեին այս փաստերը, սակայն համանախագահների վերջին հայտարարության բովանդակության մեջ անդրադարձ չկա թե՛ ապրիլյան պատերազմի հետևանքներին, թե՛ կողմերի միջև դրանից հետո ձեռք բերված պայմանավորվածություններին: Արցախի ժողովուրդը ոչ մի այլ երկրի կամ կառույցի չի լիազորել իր փոխարեն որոշելու իր ճակատագիրը»,-ասաց Աշոտ Ղուլյանը։
Արցախի խորհրդարանի նախագահն անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ նշելով, որ ՀՀ վարչապետը բազմիցս անդրադարձել է բանակցություններում իր և Ադրբեջանի նախագահի մանդատներին՝ շեշտելով, որ Արցախի իշխանությունները պետք է վերադառնան բանակցային սեղանի շուրջ՝ ներկայացնելու հակամարտության հիմնական կողմի՝ Արցախի ժողովրդի դիրքորոշումը:
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությամբ կողմերին՝ ձևաչափի փոփոխությունից զերծ մնալու կոչին, ապա Աշոտ Ղուլյանն ասաց. «Անհրաժեշտ է ընդգծել, որ խոսքը բանակցային եռակողմ ձևաչափի վերականգնման մասին է, այլ ոչ թե նոր ձևաչափի ներդրման:
Արցախի ժողովրդի համար անընդունելի են պարտադրանքի ու թելադրանքի լեզվով խոսելու մոտեցումները: Որպես երկիր՝ մենք բաց ենք համագործակցության համար, այդ թվում՝ Ադրբեջանի հետ որպես իրավահավասար սուբյեկտներ քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ցանկացած հարց»։