Փաշինյանի ելույթը ոչ միայն կատարյալ չէր, այլ տեղ-տեղ պարունակում էր մտահոգիչ և վտանգավոր թեզեր:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ և ԱՀ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին ունեցած ելույթին:
Շարմազանովի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:
«Երկու օր շարունակ քաղաքական և քաղաքագիտական հանրությունը քննարկում է Ստեփանակերտում տեղի ունեցած հայկական երկու պետությունների Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, ինչպես նաև նիստի ընթացքում վարչապետ Փաշինյանի և Արցախի նախագահ Բակո Սահակյանի ելույթները:
Փաշինյանի ելույթը ոչ միայն կատարյալ չէր, այլ տեղ-տեղ պարունակում էր մտահոգիչ և վտանգավոր թեզեր:
Արձանագրենք.
Եթե Արցախի նախագահ Բակո Սահակյանը իր ելույթում խոսում է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման մասին, ապա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսք անգամ չի ասում Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման վերաբերյալ:

Կրկնում եմ՝ Փաշինյանի ելույթում Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին որևէ բառ չկար:
Նիկոլն իր ելույթում գիտակցված կամ ենթագիտակցաբար օգտագործում է Ղարաբաղի հայություն եզրույթը, որը, չեմ կարծում, թե հաջող ձևակերպում է, մասնավորապես, նաև բանակցությունների կամ հրապարակային ելույթների ժամանակ:
Հիշեցնեմ, որ Արցախը իր անկախությունը հռչակել է ԽՍՀՄ ներքին օրենսդրության և միջազգային գործող բոլոր իրավական նորմերին համապատասխան դեռևս 1991թ. սեպտեմբերի 2-ին, իսկ նույն թվականի դեկտեմբերի 10-ին կրկին ԽՍՀՄ-ում գործող օրենսդրության համաձայն՝ Արցախը հանրաքվեի միջոցով անկախացել է ԽՍՀՄ-ից:
Ի գիտություն Փաշինյանի՝ տեղեկացնեմ, որ Արցախում ապրող ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների 82,2 տոկոսը, այսինքն՝ 108,736 մարդ, մասնակցել է հանրաքվեին, որից ընտրություններին մասնակցածների 99 տոկոսը, այսինքն՝ 107, 648 քաղաքացի «այո» է ասել Արցախի անկախությանը:
Հետևաբար, Արցախի Հանրապետության անկախության օգտին արտահայտվել է Արցախում ընտրության իրավունք ունեցողների 80 տոկոսից ավելին, իսկ ընտրություններին մասնակցածների 99 տոկոսը:
Ուստի, Փաշինյանի արտահայտած Ղարաբաղի հայություն միտքը կամ եզրույթը կարծում եմ՝ այդքան էլ նպատակահարմար չէ:
Սա միջհամայնքային վեճ չէ, սա Արցախում ապրող քաղաքացիների որոշումն է, և բոլորը պետք է հարգեն և հաշվի նստեն այդ որոշման հետ:
Փաշինյանը հայտարարում էր, որ Արցախյան կարգավորման գործընթացում նրա ծրագիրը նման չէ ոչ առաջին, ոչ երկրորդ և ոչ էլ երրորդ նախագահների ռազմավարությանն ու հայեցակարգին, և նա ունի հայանպաստ ծրագիր կամ հայեցակարգ: Ու՞ր է այդ հայեցակարգը, բա ասում էր հայանպաստ ծրագիր ունեմ արցախյան հարցում: Չլսեցինք դա:
Համանախագահների հայտարարությունից պարզ դարձավ, որ նրանք չեն պատրաստվում ղարաբաղյան կարգավորման հետ կապված նոր փաթեթ կամ փաստաթուղթ քննարկել Փաշինյանի հետ:
Սակայն ամիսներ առաջ Փաշինյանը խորհրդարանում հայտարարում էր, որ նախկին իշխանությունները բանակցել են բացառապես հող հանձնելու վերաբերյալ և կան փաստաթղթեր: Հիմա, հաշվի առնելով այն հանգամանքը, որ չկան բանակցությունների նոր փաստաթղթեր, կա՛մ Փաշինյանն ինքն է պատրաստվում հող հանձնել, կա՛մ ստել է: Թող որոշի ինքը:
Եվ վերջում, եթե Արցախի նախագահը չմասնակցի Ալիև-Փաշինյան առաջիկա հանդիպմանը, ուրեմն Փաշինյանը հերթական անգամ սուտ խոստում է տվել»: