ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը (դեմոկրատ) և Հանրապետական կուսակցության անդամ Գուս Բիլիրակիսը դիմել են Ներկայացուցիչների պալատի իրենց գործընկերներին՝ կոչ անելով միանալ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ներկայացման հարցում:

Ինչպես հայտնում է Asbarez-ը, երկկուսակցական փաստաթղթի նպատակն է այնպես անել, որ ամերիկյան իշխանությունների քաղաքականությունը հետևի ստորև ներկայացված կետերին.

1. Հայոց ցեղասպանության հերքման մերժում,
2. ԱՄՆ կառավարության կողմից հանցանքի պաշտոնական ճանաչում և ոգեկոչում,
3. Ժամանակակից աշխարհում այդպիսի դաժանությունները կանխելու նպատակով Հայոց ցեղասպանության թեմայով ուսուցում կազմակերպելու, հարցի շուրջ հանրային իրազեկման կարևորության գիտակցում:

Բանաձևի հեղինակներն այժմ խնդրում են գործընկերներին միանալ իրենց ու մոտ ապագայում բանաձևը ներկայացնել Ներկայացուցիչների պալատ:

Շիֆն ու Բիլիրակիսն ընդգծել են, որ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը բխում է Միացյալ Նահանգների և երկրի ազգային անվտանգության շահերից:

«Ցեղասպանության պաշտոնական ճանաչումը կօգնի նոր էջ բացել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունում: Ժամանակն է, որ Միացյալ Նահանգները ոտքի ելնի հանուն ճշմարտության և ընդդեմ Ցեղասպանության հերքման»,-նշել են կոնգրեսականները:

Նրանց նախաձեռնությանն արձագանքել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակը, որի նախագահ Րաֆֆի Համբարյանը գործադրած ջանքերի համար իր երախտագիտությունն է հայտնել Շիֆին և Բիլիրակիսին: