Այս օրերին Ադրբեջանում զորավարժություններ են անցկացվում։ Ռազմական փորձագետ Վան Համբարձումյանի խոսքով՝ դրանք աննախադեպ զորավարժություններ են թե՛ մասշտաբով, թե՛ նոր ձեռք բերված տեխնիկայի առումով։
«Այդ զորավարժություններն իրենց մասշտաբով և ծավալով աննախադեպ զորավարժություններ են՝ թե՛ ներգրավված մարդկային ռեսուրսների առումով, թե՛ ներգրավված սպառազինության առումով, թե՛ օգտագործվող նորագույն զինատեսակների առումով։ Այս զորավարժությունների ժամանակ առաջին անգամ օգտագործվելու է օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիր, որն Ադրբեջանի Հանրապետության պատմության մեջ երբևէ չի օգտագործվել, որովհետև այդ զինատեսակը գնել են ամռանը։ Կոչվում է «Լոռա», իսրայելական արտադրության է և «Իսկանդերի» հակակշիռն է։ Նույն նշանակության և նույն ընտանիքի զինատեսակներ են։ Այս զինատեսակն ունի 300 կմ հեռահարություն, օգտագործվելու են բելառուսական ռեակտիվ-համազարկային կայանքները՝ «Պոլոնեզ»-ները։ Այս զորավարժության առանձնահատկությունը նաև այն է, որ ադրբեջանական օդուժը եթե մինչ այս ներգրավվում էր վերգետնյա թիրախները խոցելու համար, ապա այս անգամ լինելու են նաև օդային թիրախներ»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց Համբարձումյանը։

Նրա կարծիքով՝ այս զորավարժությունները հարմար առիթ են սահմանի երկայնքով հակառակորդի զինուժի կենտրոնացման համար, որոնք սրացումների տեղիք կտան արդեն բանակցային սեղանի շուրջ․
«Այս զորավարժությունները հայտարարված և պլանավորված չեն եղել, և հանկարծակի նման լայնամասշտաբ զորավարժություն սկսելը․․․։ Ահռելի մեծ ծախսեր են, պետությունը հենց այնպես ծախս չի անում, ես սրանք կապում եմ դեպքերի լուրջ զարգացման հետ։ Շուտով պետք է տեղի ունենա Փաշինյան-Ալիև հանդիպումը, նաև պետք է տեղի ունենա Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը։ Սա արվում է նրա համար, որ այս հանդիպումների ժամանակ հայկական կողմի վրա շատ ուժեղ ճնշումներ գործադրեն և իրենց կամքը թելադրեն։ Պատերազմը հենց այնպես չի սկսվում, պատերազմ սկսելու համար պետությունը պետք է թիկունքից ուժեր բերի, կենտրոնացնի սահմանի վրա, եթե հենց այնպես բերես և ուժերը կենտրոնացնես, հակառակորդի համար պարզ կլինի, որ դու ռազմական գործողություններ ես սկսում։ Դրա համար զորավարժությունը քողարկելու համար շատ հարմար առիթ է․ դու քո զորքերի կուտակումը քողարկում ես զորավարժության ենթատեքստի տակ և պատրաստվում ես պատերազմի։ Այդտեղ շատ մեծ վտանգ կա, ես կոչ եմ անում կառավարությանը մոբիլիզացիա հայտարարել զինկոմիսարիատներում, որպեսզի հարվածը հանկարծակիի չբերի։ Այս զորավարժություններին ներգրավված ուժերը թիկունքի ուժեր են, սրանք գումարվում են սահմանին եղած ուժերին։ Այս պահին սահմանին հակառակորդի կողմից մեծ քանակությամբ ուժեր կան կենտրոնացված, իշխանափոխությունից հետո ՊՆ-ն այդ մասին հայտարարում էր, այդ ուժերը մինչ այսօր առաջին գծից հետ չեն բերվել։ Հիմա այս ուժերը միանում են թիկունքային ուժերին։ Այս զորավարժության ժամանակ ներգրավվելու է նաև ադրբեջանական 707-րդ բրիգադը, 10 հազար հոգի կենդանի ուժ է օգտագործվելու, ներգրավված սպառազինությունը՝ 750 հիմնական մարտական տանկ, 500 միավոր զրահատանկային տեխնիկա, հետևակի մարտական մեքենաներ, զրահապատ փոխադրիչներ, 300 միավոր հրետանային զինատեսակ է օգտագործվելու, օգտագործվելու են նոր իսրայելական անօդաչու թռչող սարքեր, նոր տիպի «կամիկաձեներ» են, կոչվում են «Sky Striker»։ Առանձին ուշադրություն են դարձնում ինժեներական զորքերին, որոնք սարային լանդշաֆտում զորքերի համար ճանապարհ են հարթում։ Ռադիոէլեկտրոնային պայքարի նոր զինատեսակ է կիրառվելու՝ բելառուսական «Graza S», որը նախատեսված է անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարելու համար»։

Համբարձումյանի պնդմամբ՝ զորավարժությունները տեղի են ունենում միջազգային պայմանավորվածությունների կոպտագույն խախտումներով։ Նման մասշտաբի զորավարժություն սկսելուց առաջ, որում ընդգրկված են նման զինատեսակներ և օդուժ, ամենաառաջինը պետք է տեղեկացնեին հարևան երկրներին, որը և Ադրբեջանի կողմից չի արվել․
«Ամենաառաջինը պետք է տեղյակ պահեն հարևան երկրներին՝ Վրաստանին և Իրանին։ Հայաստանին, պարզ է, միջնորդի՝ ԵԱՀԿ-ի օգնությամբ պետք է տեղյակ պահեին, բայց ոչ ոքի տեղյակ չի պահվել, հանկարծակի են սկսել։ Սրանք միջազգային պայմանավորվածությունների կոպտագույն խախտումներ են, եթե օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիր են օգտագործում, որն ունի 300 կմ հեռահարություն, կամ օդուժ են օգտագործում, ապա պետք է հարևան երկրներին տեղյակ պահեն։ Եթե լինեին հրետանային կամ տանկային զորավարժություններ, ապա կարելի էր, բայց այս կարգի զինատեսակներ օգտագործելու դեպքում պարտավոր են տեղյակ պահել։ Ես այս ամենի հետ կապված՝ կտրուկ սրացում եմ սպասում բանակցային սեղանի շուրջ, սա արդեն ազդանշան է։ Սա այս տարի Ադրբեջանի զինված ուժերի 3-րդ զորավարժությունն է․ 1-ինը եղել է ՀՕՊ զորքերի զորավարժությունը, 3 շաբաթ առաջ Թուրքիայի Հանրապետությունում Ադրբեջանի զինված ուժերը համատեղ զորավարժություն անցկացրին, որը կոչվում էր «Ձմեռ 2019», և սա արդեն 3-րդն է, իսկ տարին, կարելի է ասել, դեռ նոր է սկսվել»։

Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ Արցախի Հանրապետության զինված ուժերը պատրաստ են ցանկացած գործողության դիմագրավելու, վտանգ միշտ էլ կա, սակայն մտահոգվելու կարիք չկա․ «Արցախի զինված ուժերը որևէ մտավախություն չունեն, մշտապես պատրաստ են հակառակորդի ցանկացած սադրիչ գործողությանը դիմագրավելու։ Քանի դեռ հիմնախնդիրը կարգավորված չէ, վտանգ ամեն րոպե էլ առկա է։ Զորավարժությունների չհայտարարված լինելու մասով՝ դա ամբողջովին տեղավորվում է ադրբեջանական տրամաբանության մեջ։ Ինչ վերաբերում է տեղյակ պահելուն, ապա Արցախի զինված ուժերն առանց իրենց տեղյակ պահելու էլ գիտեն, թե ինչ է կատարվում հակառակորդի ճամբարում, թե ինչ ծրագրեր ունեն»։

Իսկ հարցին, թե Ադրբեջանի կողմից ձեռք բերված ռազմական նոր տեխնիկայի հակակշիռն արդյոք ունի՞ Պաշտպանության բանակը, Հասրաթյանն ասաց․

«Պաշտպանության բանակն ունի բոլոր հնարավոր միջոցները՝ հակառակորդի ցանկացած ոտնձգության դիմագրավելու համար»։ hraparak

Կորյուն Սիմոնյան