«Արցախյան խնդրի վերջնական կարգավորում հնարավոր է, եթե պաշտոնական Ստեփանակերտը մասնակցում է բանակցային գործընթացին: Քանի դեռ այս ձևաչափով է, դժվար կլինի այդ ամենին հասնել և դա նշանակում է, որ տվյալ դեպքում հիմանական շեշտը շարունակվելու է դրվել հենց տարածաշջանում խաղաղության և կայունության պահպանման վրա: Ինչ վերաբերում է մեր տեսլականին, ես կրկնում եմ, այն չի փոխվել, չի կարող լինել վերադարձ անցյալին, լինի դա սահմանների, թե կարգավիճակի առումով: Մենք չափազանց թանկ գին ենք վճարել մեր անկախության և մեր անկախ պետության, ազատ հայրենքի կերտելու համար: Թուլացումն այստեղ ընդհանրապես ազդելու է հայոց պետականության, Սփյուռքի վրա»,- այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը` անդրադառնալով Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը:
    «Բոլոր մարտահրավերներին դիմադրելու համար շատ պարզ բանաձև կա` միասնականություն, հզոր բանակ, համախմբված հասարակություն, որտեղ առանցքային դերակատարություն պետք է ունենա սոցիալական արդարությունը»,- նշել է Դավիթ Բաբայանը:
    Դավիթ Բաբայանը նաև անդրադարձել է իշխանությունների վարած քաղաքականությանը և, առհասարակ, կադրային քաղաքականությանը` կարծիք հայտնելով, որ սխալ կադրերի պատճառով, շատ հաճախ, կարող է տուժել երկիրը:
    Հիշեցնենք, որ այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև առաջիկայում սպասվող հանդիպման վերաբերյալ: