Գործադիրը հաստատեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որը կուղարկվի ԱԺ քննարկմանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ. «Մեր հիմնական խնդիրը կառավարության արդյունավետությունը բարձրացնելն է, այդ թվում՝ սփյուռքի հետ կապերի: Այս պրոցեսի ընթացքում կադրային ջարդ չենք ունենալու, նախարարություններն իրենց բոլոր հաստիքներով կոնսոլիդացվելու են, ինչը չի նշանակում՝ այդպես մնալու է: Այո, կրճատումներ լինելու են, բայց պետական յուրաքանչյուր աշխատակից իր շանսն է ստանալու. աշխատանքի գնահատման պրոցեսը պետք է տեղի ունենա օբյեկտիվ»: Նշենք, որ քննարկման ընթացքում կառավարության անդամները շարունակում էին նախարարությունների անվանումների հետ կապված հանդես գալ առաջարկներով, ինչին ի պատասխան վարչապետը նկատողություն արեց. «4-5 ամիս ա քննարկում ենք, հիմա եկել ենք կառավարության նիստին, պարզվում ա՝ էլի պետք ա քննարկենք: Ինչի՞ չեք քննարկել մինչև հիմա»:
Հիշեցնենք՝ առաջարկվում է հետևյալ փոփոխությունը.
1. Կառավարությունը կազմված է վարչապետից, երկու փոխվարչապետերից և նախարարներից:
2. Կառավարության կառուցվածքում ընդգրկվում են հետևյալ նախարարությունները.
1) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը,
2) առողջապահության նախարարությունը,
3) արդարադատության նախարարությունը,
4) արտակարգ իրավիճակների նախարարությունը,
5) արտաքին գործերի նախարարությունը,
6) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը,
7) շրջակա միջավայրի նախարարությունը,
8) պաշտպանության նախարարությունը,
9) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը,
10) բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը,
11) Էկոնոմիկայի նախարարությունը,
12) ֆինանսների նախարարությունը: