Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես զգուշացնում եմ, տղե՛րք, ընտրովի արդարադատությունը կամ ընտրովի մոտեցումը մարդու իրավունքների պաշտպանության գործընթացում որոշ ժամանակ հետո կրախի առաջ է կանգնեցնելու թե՛ պետությանը, թե՛ ժողովրդին:
Մեր երկիրը բռնության որևէ ռեսուրս չունի: Ցանկացած բռնություն, ում կողմից էլ որ դրսևորվի, մերժելի ու դատապարտելի է:
Ես շատ լավ հիշում եմ, որ դալաններում ու պատերի տակ ինչպես էին ծեծում Երևանի նախկին քաղաքապետ, ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանին, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանին, ՍԴՀԿ երիտասարդական միության ղեկավար Նարեկ Գալստյանին ու բազմաթիվ այլ անձանց:
Նաև այդ ամենի պատճառով էր, որ այդ ժամանակահատվածի իշխանության հանդեպ առկա էր ժողովրդի իսկական ատելությունը:
Որևէ պարագայում չի կարելի ստեղծել անպատժելիության ու անարխիայի մթնոլորտ, որ ամեն մեկը փորձի ու որոշի իր պատկերացումների սահմաններում «պատժել» իր մրցակցին կամ իր հետ համաձայն չլինողին:
Հարգե՛ք սահմանադրությունը, համաձայն որի՝ մարդը բարձրագույն արժեք է, իսկ մարդու արժանապատվությունն անխախտելի է:
Որևէ պարագայում չի՛ կարելի ստորացնել մարդու արժանապատվությունը, անգամ եթե դու հարյուր տոկոսով համաձայն չես այդ մարդու կարծիքի հետ...»: