PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակն»իր աղբյուրների վրա հղումով հայտնել է, որՄարտի 1-ի գործով հարցաքննվել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը:
Ըստ «Հայկական ժամանակն» տեղեկությունների, նա այդ գործի շրջանակում վկայի կարգավիճակ ունի:
Նշվում է, որ ՀՔԾ-ն չի մեկնաբանել տեղեկությունը:
Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում որպես վկա հարցաքննվել էր նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ունի մեղադրյալի կարգավիճակ և գտնվում է կալանքի տակ։
2008-ի փետրվար ամսվա վերջին, ՀՀ նախագահի փետրվարի 19 ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիները՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հանրահավաքներ ու նստացույց էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության աշխատակիցները Ազատության հրապարակում զենք, զինամթերք և մոլոտովյան կոկտեյլներ հայտնաբերելու պատրվակով ներխուժեցին հրապարակ, հարձակվեցին ցուցարարների վրա և ուժով ցրեցին նրանց:
Ժամեր անց ցուցարարները հավաքվեցին Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանատների առաջ, և սկսվեց ինքնաբուխ հանրահավաք։ Ավելի ուշ հայտարարվեց պարետային ժամ, մայրաքաղաք մտցվեցին բանակային ստորաբաժանումներ: Բախումների արդյունքում զոհվեց տասը մարդ: