2rd.am-ը գրում է. «Վերջին օրերին լուրեր էին տարածվել, որ մեղադրանք է առաջադրվել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդուն՝ Սեդրակ Քոչարյանին։ Նույնիսկ խոսում էին, թե նրան կալանավորել են։ Պարզաբանումներ ստանալու նպատակով դիմեցինք Սեդրակ Քոչարյանին։
- Պարո՛ն Քոչարյան, կխնդրեինք հերքել կամ հաստատել Ձեզ մեղադրանք առաջադրելու և հարակից գործընթացների մասին լուրերը։ Ի դեպ, ինչո՞ւ մինչև այժմ հրապարակային խոսքով հանդես չեք եկել։
- Սկսեմ վերջին հարցից։ Տարիներ շարունակ հեռու եմ մնացել հրապարակային գործունեությունից, հասկանալի պատճառներով։ Հրապարակային ակտիվությունս թե՛ հորս պաշտոնավարման շրջանում, թե՛ դրանից հետո կարող էր տարբեր կերպ մեկնաբանվել, ինչի տեղիք ամենևին էլ կարիք չկար տալու։ Դա նաև խառնվածքի ու ոճի խնդիր է։ Բայց հիմա պետք է վերանայեմ մոտեցումս, որպեսզի հանրությանը մոլորեցնելու փորձերը կանխվեն, ու նաև մարդիկ հակառակ կողմին էլ լսեն և եզրակացություններ անեն։ Մեր ընտանիքի դեմ արդեն 10 ամիս ընթացող վայրագ ու բարոյականությունից բացարձակապես զուրկ իշխանական հարձակման պայմաններում հրապարակայնության միջոցին դիմելն անխուսափելի է, հատկապես մեր դեմ ստի ու կեղծիքի գերբարձր դոզայի պայմաններում։ Ինչ վերաբերում է ինձ հետ կապված խոսակցություններին, դրանք մասամբ են ճիշտ։ Երեկ տարբեր տեղերից բազմաթիվ անհանգիստ զանգեր եմ ստացել։ Հարցնում էին, թե ճի՞շտ է արդյոք, որ ինձ կալանավորել են: Կալանքի մասով տեղեկությունը իրականությանը, ինչպես տեսնում եք, չի համապատասխաում։ Իսկ մեղադրանք, այո՛, առաջադրել են։ ԱԱԾ-ն օրեր առաջ ինձ մեղադրանք է առաջադրել շինծու մի գործով՝ ինչ-որ փողերի լվացում և, իբր, հարկերից խուսափում ու որպես խափանման միջոց՝ չհեռանալու մասին ստորագրությունն է կիրառել: Այսինքն, մեծ հաշվով, կարող էին և կալանավորել, այդ իսկ պատճառով էլ նման լուրեր էին տարածվել: Չեմ թաքցում. տեղի ունեցողն ինձ առանձնապես չի զարմացնում: Նիկոլ Փաշինյանը վաղուց է սևեռված մեր ընտանիքի վրա, դեռևս լրագրողական գործունեության տարիներից։ Իսկ հատուկ ուժգնությամբ այն պահից, երբ բախումներ սադրելով փախավ մարտիմեկյան հրապարակից՝ իրեն հավատացած մարդկանց թողնելով բախտի քմահաճույքին։ Պատգամավոր եղած տարիներին նա որևէ առիթ բաց չթողեց և հետևողականորեն փորձեց զրպարտել և սևացնել մեր ընտանիքի բարի համբավը, արժանապատվությունը, նույնիսկ այն պարագայում, երբ հայրս արդեն երկար ժամանակ պետական որևէ պաշտոն չէր զբաղեցնում։ Ըստ օդում կախված լուրերի՝ այդ ընթացքում քաղաքական գործունեության համար նա ակտիվ ֆինանսական աջակցություն էր ստանում ճիշտ այնպես, ինչպես լրագրողական գործունեության տարիներին, սակայն արդեն ոչ միայն «ծրարներով», այլև «տուփերով»՝ տարբեր անհատներից և կազմակերպություններից։ Մեր ընտանիքի մասին կեղծ և ստահոդ լուրերի հիմնական տեխնոլոգիան, որն ուղղորդվում է Նիկոլի և իր արբանյակների կողմից, շատ պարզունակ է։ Տասնյակ և հարյուրավոր կեղծ և սուտ տեղեկատվությանը կցվում է մի քանի՝ որևէ իրավախախտում չպարունակող փաստ և ընդհանուր ստի սոուսի տակ մատուցվում հասարակությանը։ Մատուցված ինֆորմացիայի զգալի մասը կեղծ, սուտ կամ էականորեն չափազանցված է եղել։ Ինչպես և հիմա։ Ապրիլյան իրադարձությունների արդյունքում վարչապետ կարգված Նիկոլը շարունակում է նույն մոտեցմամբ առաջ շարժվել»