Նախօրեին ռուսական մամուլում գրվեց, որ «Էլիտ գրուպ» ընկերությունների խումբը Մոսկվայում խոշոր արդյունաբերական համալիր է կառուցելու: Մսամթերքի արտադրության համալիրի կառուցման մասին ներդրումային պայմանագիր է ստորագրվել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի եւ ներդրողի՝ Կամո Ավագումյանի միջեւ, Սոչիում կայացած Ռուսական ներդրումային համաժողովի ժամանակ, որին, ի դեպ, մասնակցում է նաեւ Գագիկ Ծառուկյանը։ Այս պրոյեկտի համար ընկերությանն է հատկացվելու 3000 հեկտար մակերեսով հողատարածք՝ Մոսկվայի արեւմտյան վարչական շրջանում: Ներդրումները կկազմեն 1.2 մլրդ ռուբլի: Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2022-ին, կառուցվելիք մակերեսը կկազմի 28 000 քառ. մետր, եւ գործարանում 450 աշխատատեղ կստեղծվի, շինարարության ընթացքում ստեղծվելիք աշխատատեղերի մասին չենք խոսում:

«Էլիտ գրուպ հոլդինգը» Կամո Ավագումյանի գործունեության միակ ոլորտը չէ, նա «Ավիլոն» ընկերության սեփականատերն է, Ռուսաստանում «Մերսեդես» մակնիշի ներկայացուցիչը։ Այս ընկերության հետ են համագործակցում 25 ավտոմոբիլային ապրանքանիշեր, այդ թվում՝ Rolls-Royce-ը, Bentley-ն, Aston Martin-ը, Ferrari-ն, Bugatti-ն, Maserati-ն, Mercedes-Benz-ը։ Կամո Ավագումյանը ռուսական իրականության պաշտոնական մեծահարուստների ցանկում իր տեղն ունի՝ հայտնի միլիարդատեր է։ Մեծ կապեր ունի Ռուսաստանում եւ այլուր։ Նա հայտնի Դոն Պիպոյի խնամին է, շատ մտերիմ է Սամվել Կարապետյանի հետ։

Հայաստանյան իրականության մեջ ակտիվացավ հատկապես Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելուց հետո, երբ իր պատրաստակամությունը հայտնեց՝ նպաստել բարեփոխումներին եւ գործող կառավարությանը։ Սակայն նա հայաստանյան իրականության հետ կապված է ավելի վաղ շրջանից՝ դեռեւս 2008 թվականին Սերժ Սարգսյանի՝ նախագահ դառնալուց հետո․ նշանակվել է Ռուսաստանում ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչ եւ մինչ օրս պահպանել է այդ կարգավիճակը, ժամանակին նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի օգնականն էր։

Անցյալ տարի նրա «Էմ Բի կապիտալ» ընկերությունը ձեռք բերեց «Արտֆուդ» Արտաշատի պահածոների գործարանի բաժնետոմսերի 75%-ը՝ գնելով Հովիկ Աբրահամյանին պատկանող 50 եւ Սերգո Կարապետյանի 25 տոկոսը: Նա նաեւ ռեստորանային ցանցի փայատերն է, որի մեջ մտնում են առնվազն 4 հայտնի ռեստորաններ՝ Սարյան փողոցում գտնվող «Չինար», «Հանս ընդ Ֆրանս» ռեստորանները, «Ալյասկան» եւ «Լուի Շարդենը»։ Ավագումյանը ոչ միայն պահածոների արտադրությունն ընդլայնելու եւ դրա արտահանումը դեպի Ռուսաստան աշխուժացնելու նպատակ ուներ, այլեւ հայաստանյան տարբեր ոլորտներում ծավալվելու ծրագրեր, բայց, ինչպես վկայում են մեր աղբյուրները եւ նախօրեի հաղորդագրությունը, որոշել է ծավալվել ոչ թե Հայաստանում, այլ Ռուսաստանում։

Բանն այն է, որ նրա հարաբերությունները հեղափոխական իշխանությունների հետ այնքան էլ հարթ չեն ընթանում։ Չնայած ամռանը լուրեր շրջանառվեցին, որ հեղափոխությունից հետո հնարավոր է իշխանամերձ օլիգարխների փոփոխություն տեղի ունենա, եւ Սամվել Կարապետյանին փոխարինի Ավագումյանը, սակայն, ըստ ամենայնի, երիտասարդ իշխանավորները չեն պատրաստվում սերտ համագործակցել նախկինների բիզնես-պարտնյորների հետ եւ Ավագումյանի ներդրումները խրախուսելուն միտված չեն։ Թեեւ վերջերս նա հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ, եւ հանդիպումն էլ, մեզ հասած տեղեկություններով, վատ չի անցել, բայց գործարարը, ասում են, ամեն դեպքում հիասթափված է «ջահելներից» ու նրանց գալուց հետո իրենց բոլոր բիզնես-դժվարություններից եւ որոշել է ոչ միայն չծավալվել Հայաստանում, այլեւ աստիճանաբար նվազեցնել իր ներկայությունը հայրենիքում։ Խոսվում է անգամ այն մասին, որ համապատասխան գնորդ գտնվելու դեպքում կվաճառի հայաստանյան ունեցվածքն ու կհեռանա։

Մեր աղբյուրներն ասում են, որ այս ամենի մեջ քիչ չէ նաեւ քաղաքական գործոնը՝ ռուսական իշխանությունները, մեղմ ասած, չեն խրախուսում իրենց բիզնեսմենների մտադրությունները Հայաստանում ներդրումներ անելու ուղղությամբ։ Հակառակը՝ նրանց շատ «թուքումուր» է բաժին ընկնում ՀՀ իշխանությունների այս կամ այն կիքսի համար։ Եվ բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ հայ-ռուսական հարաբերությունները՝ հատկապես Սիրիա առաքելություն ուղարկելուց հետո, շտկվել են, չարաչար սխալվում են։ hraparak

Անի Առաքելյան