Էդուարդ Շարմազանովը ուղիղ եթերով անդրադարձել է կառավարության երեկվա քննարկմանը՝ նշելով, որ իր տպավորությամբ դա նմանվում էր Օսկարի մրցանակաբաշխության, երբեմն էլ՝ կոլխոզի ակտիվի ժողովի:
«Երեկ ԱԺ-ն ընդունեց Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը: Այն ընդունվեց բուռն, խրոխտ ու հպարտ ծափահարությունների ներքո: Եզրափակիչ ելույթում Փաշինյանը փորձեց կարևոր ազդակներ հղել հասարակությանը, որի մեխը երկրորդ քայլերթի կազմակերպումն էր: Իբր թե այս 10 ամիսների ընթացքում իր բոլոր խոստումները կատարել է, աշխատավարձերը բարձրացրել է, աշխատատեղեր է ստեղծել, ժողովրդի կյանքը լավացրել է, հիմա էլ տնտեսական քայլերթ է անում»,- նշեց Շարմազանովը՝ շեշտելով, որ ժողովուրդը երկրորդ անգամ նույն գետը չի մտնի:
«Բացի այդ Փաշինյանը մի նոր թեզ էլ է առաջ քաշել, թե տնտեսական հեղափոխության պատասխանատուն Հայաստանի ժողովուրդն է․ սա ոչինչ այլ ինչ է, եթե ոչ սեփական պատասխանատվությունը իր ուսերից գցելու քաղաքականություն: Վաղն էլ, եթե տնտեսական աճ չլինի, կասի՝ ես ի՞նչ մեղավոր եմ, խանութպանները ՀԴՄ չեն խփում, տաքսիստները հարկ չեն մուծում, աշխատողները բիզնես չեն սկսում»:
Ուղիղ եթերում Շարմազանովն անդրադարձավ նաև գողացված գումարներին: Ասաց՝ եթե այդ գումարները հիմա վերադարձվել են պետական բյուջե, ապա ինչո՞ւ թոշակներն ու աշխատավարձերը չեն ավելանում․«Հետևություն՝ կա՛մ համատարած թալան չի եղել, կա՛մ հիմա ավելի մեծ թալան է սկսվել․ դատեք ինքներդ»: tert.am
Աննա Կոստանյան