«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստը նորից կշարունակվի դռնբաց:

Նիստը սկսվելուն պես Անուշ Խանդոյանի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանը միջնորդեց դատարանին՝ վերանայել իր կողմից նախորդ նիստին գործը դռնփակ քննելու վերաբերյալ որոշումը եւ հնարավորություն ընձեռել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ ներկա գտնվել դատական նիստին:

Դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց միջնորդությունը` միաժամանակ արձանագրելով, որ դահլիճում ներկա գտնվողները պարբերաբար խոչընդոտել են դատական նիստի ընթացքը, դրսեւորել ոչ պատշաճ վարքագիծ: Մակյանը հայտարարեց, որ կախված նրանից, թե ինչ վարքագիծ կդրսեւորեն քաղաքացիները, դատարանը կաշկանդված չէ վերանայելու իր որոշումը:

Նշենք, որ նախորդ դատական նիստին ՀՀ նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանի հարցաքննության ժամանակ լարված իրավիճակ էր ստեղծվել նիստերի դահլիճում, ինչի պայմաններում դատարանը որոշել էր գործը քննել դռփնակ, բացառությամբ լրատվամիջոցների ներկայացուցիչների: