ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք չի տվել:

Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց Օհանյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը. «Դա հերյուրանք է, զրպարտություն, եւ իրականությանը չի համապատասխանում»,- հավելեց նա:

Արդեն տեղեկացրել ենք, որ Սեյրան Օհանյանը եւ Սերժ Սարգսյանը Հատուկ քննչական ծառայությունում քննվող մեկ այլ քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակ ունեն եւ առերես հարցաքննվել են:

Սեյրան Օհանյանի կողմից Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տալու մասին երեկ հայտարարել է «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանը: Բանն այն է, որ նրան ֆեյսբուքյան գրառման համար երեկ հրավիրել էին ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչություն։ Սամսոնյանին ոստիկանություն հրավիրելու պատճառը՝ Սեյրան Օհանյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանի կողմից ներկայացված դիմումն է եղել:

Ինեսա Պետրոսյանը պատմեց, որ Նարեկ Սամսոնյանը 27.01.2019թ-ին ֆեյսբուքյան իր ՖԲ էջում գրառում էր կատարել եւ հրապարակային հարցեր ուղղել գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին: «Նարեկ Սամսոնյանը մասնավորապես գրել էր. «...Երբ մի քանի օր առաջ Ձեզ կանչում էին հարցաքննության «ինչ-որ» երկաթուղի ապամոնտաժելու գործով (երկաթուղու անունն ու գործի մանրամասները չեմ նշում Դուք լավ գիտեք ինչի մասին եմ խոսում) ինչո՞ւ էիք Սերժ Սարգսյանի վրա այդպիսի հաճույքով ցուցմունք գրում, պարոն Գեներալ: Լավ իմանալո՞վ, որ Ձեզ հարցաքննողներին դա դուր կգա՞:...Իսկ դուք չգիտեիք, որ Սերժ Սարգսյանը գնալու է եւ ամոթանք է տալու քննիչին ինչն էլ արել է»:     , ինչպես են քննիչին ամոթանք տվել»,- մեր զրույցում ներկայացրեց Պետրոսյանը:

Վերջինս ասաց, որ դիմել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն, որպեսզի պարզեն, թե ով է ՖԲ-ում եւ blognews.am կայքում Նարեկ Սամսոնյանի գրառման իրական հեղինակը կամ ով է նրան մանրամասներ հայտնել քննչական գործողությունների մասին, ինչպես նաեւ իրավական գնահատական տալ քննչական գործողությունից անմիջապես առաջ վկա Սեյրան Օհանյանին ուղղված գնդակահարության սպառնալիքին: «Այդ դիմումը ուղարկվում է ոստիկանություն եւ պարոն Սասմոնյանին հրավիրում են 6-րդ վաչություն: Դուրս գալիս նա հայտարարություն է անում, թե հաստատվեց, որ Սեյրան Օհանյանը Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք է տվել: Սա ուղղակի անհեթեթություն եմ ես համարում, աբսուրդ է, նման բան չէր կարող հաստատվել: Գրառման մեջ կար ակնհայտ սպառնալիք Սեյրան Օհանյանի նկատմամբ: Նա ասում է՝ սպային վայել չէ դավաճանությունն ու մորթապաշտությունը եւ որ այդպիսի մարդիկ պատժվում էին գնդակահարությամբ: Քննություն պետք է գնա՝ պարզելու, թե որտեղից է իրեն նման տեղեկություն հայտնի: Պարոն Օհանյանը հրավիրվել է հարցաքննության եւ ունենալով վկայի կարգավիճակ՝ ցուցմունք է տվել եւ դա չի նշանակում, որ նա Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք է տվել»,- եզրափակեց Ինեսա Պետրոսյանը:

Երեկ Նարեկ Սամսոնյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է. «Իրականում իմ հարցը, որը կարող էր սխալ լինել, հաստատեց, բացահայտեց, որ դա նախաքննական գաղտնիք է։ Փաստորեն, Սեյրան Օհանյանը Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք է տվել, ինչն իր փաստաբանն այսօր (երեկ) հաստատեց իր դիմումով»:

Նարեկ Սամսոնյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ նշել է, որ Սամսոնյանը որեւէ նախաքննական գաղտնիքի չի տիրապետում, որ դրա համար պատասխանատվության ենթարկվի։

«Նա տեղյակ չէ այդ նախաքննական տվյալից, ուղղակի պատահաբար ֆեյսբուքի անծայրածիր դաշտերում տեսել է մի ենթադրություն, որը դրել է իր ստատուսի մեջ եւ հետեւել է բողոք, որը որ հաստատում է, որ դա ճիշտ էր:

Ճիշտն ասած ենթադրությունն այն է, որ հրավիրվել ենք 6-րդ վարչություն՝ կապված պարոն Սամսոնյանի ֆեյսբուքյան կամ առհասարակ քաղաքացիական ակտիվության հետ, պարզվեց, որ այդքան էլ չէ։ Տրամադրված էինք բացատրություն չտալ, ուղղակի հարգեցինք ոստիկանության աշխատակիցներին, եկանք։ Բայց տեղեկանալով, թե ինչի առթիվ ենք հրավիրված՝ իրոք, շատ զարմանալի էր։ Մի տեսակ նաեւ անդուր էր, որ գեներալ-գնդապետը, մեր բանակի հրամանատարը, Պաշտպանության նախկին նախարարը, Արցախյան պատերազմի հերոսը ֆեյսբուքյան գրառումից կարող է նման հաղորդում տալ։ Տվել ենք բացատրություն եւ դուրս ենք եկել։ Հուսով ենք՝ այդքանով կավարտվի», - հավելել էր Աթանեսյանը։