Մեր զրուցակիցն է ինժեներ Վահագն Մինասյանը

Պարոն Մինասյան, վստահ եմ՝ ուսումնասիրել եք կառավարության ծրագիրը, ինչպե՞ս եք գնահատում, որքանո՞վ է այն հեղափոխական:

Անկեղծ ասած, ես ավելի մեծ սպասումներ ունեի կառավարությունից, սակայն սպասումներս չարդարացան։ Գեղեցիկ բառերով շարադրված տեքստը չի կարող հեղափոխական ծրագիր կոչվել, երբ հիմնված է անհատների բարի կամքի դրսևորման և ազնվության վրա միայն։ Հեղափոխական կլիներ ծրագիրը, եթե սահմանադրական փոփոխություններ նախաձեռնվեին, այնպիսի փոփոխություններ, որոնց առկայության պարագայում պետության կառավարումը կախված չէր լինի պաշտոնյաների, որոնք ըստ էության հանրությանը ծառայություն մատուցողներ են, բարի կամքից կամ ազնվությունից։ Օրինակ՝ պաշտոնյաների հետկանչի մեխանիզմներ ստեղծվեին՝ որպես քաղաքական պատասխանատվության ինստիտուտի ձևավորման հիմք։ Ի վերջո, պետք է հասնել նրան, որ ցանկացած պաշտոնյա գիտակցի և կրի իրական պատասխանատվությունը։

Կարծեք թե կուսակցությունների, ԸՕ-ի փոփոխություն, նաև սեփականության մասին օրենքի հետ կապված խնդիրներ չկան ձևակերպված: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ:

Չեմ կարող ասել, թե ինչու, սակայն չափազանց բացասաբար եմ վերաբերվում այս մոտեցմանը։ Ստիպված եմ հիշեցնել, որ շարժման օրերին բազմիցս հնչեցվել են քաղաքական օրակարգ անվանումը ստացած փոփոխությունների հինգ կետերը, և հնչեցվել են ոչ միայն Նիկոլ Փաշինյանի կողմից, այլ նաև նրա թիմակիցների։ Հնչեցվել են հրապարակում՝ հանրության առաջ, սակայն այդ հինգ կետերից և ոչ մեկը չի կատարվել այս ամիսների ընթացքում, և կառավարության ծրագրում էլ չկա նշված։ Հույս ունեմ, որ ավելի լուրջ կվերաբերվեն իրենց իսկ հնչեցրած մարտահրավերներին, փոփոխություններին և քայլեր կձեռնարկեն դրանց կատարմանն ուղղված։

Կառավարության կառուցվածքի փոփոխությունների հետ կապված ունե՞ք դիտարկումներ: Սուպերվարչապետության խնդիրը մտահոգի՞չ է: Արդյոք համոզիչ են կառավարության հիմնավորումներն այս հարցում:

Ինձ համար այնքան էլ էական չեն կառավարության կառուցվածքի փոփոխությունները։ Շատ ավելի արմատական խնդիրներ կան լուծման ենթակա։ Սուպերվաչապետության մասով էլ, ինչպես նշել եմ նախորդիվ, հակակշռող և զսպող մեխանիզմներ են անհրաժեշտ, որոնք հնարավորություն կտան հանրությանը բալանսավորել կառավարման ապարատը և իրականացնել ուղիղ ժողովրդավարություն։ Հստակեցնենք, որ անգամ իշխանություն եզրույթն օգտագործելիս պետք է նկատի ունենանք հանրությանը, ինչը ամրագրված է նաև Սահմանադրության երկրորդ հոդվածում։ Կառավարման ապարատի համակարգողների հիմնավորումներն ինձ համար բավարար չեն, սակայն ինչպես նշել եմ, կառուցվածքային փոփոխություններն այնքան էլ առաջնային չեն, և խիստ կասկածներ ունեմ դրանց արդյունավետության վերաբերյալ։

Պարոն Մինասյան, օրերս պարգևավճարների հետ կապված Իմ քայլը
խմբակցությունը հրավիրել էր Ատոմ Ջանջուղազյանին: Որոշվել է, որ պետական կառույցներում այլևս արտաբյուջետային ֆոնդեր չեն լինելու: Իսկ պարգևավճարի չափը աշխատավարձի ֆոնդի 30 տոկոսի չափով: Ինչպե՞ս եք գնահատում խնդրին այսպիսի լուծում տալը:

Ինչպես տեսանք տարեվերջյան պարգևավճարներ տալու հիմնավորումների ժամանակ՝ պարգևավճարները կարող էին լինել աշխատավարձի հարյուր տոկոսի չափով առավելագույնը, այսինքն՝ ֆինանսական նման հնարավորություն ունեցել են և ունեն պետական կառույցները։ Խնդիրը մի փոքր ավելի խորքային է, քան թվում է առաջին հայացքից։ Օրինակ, հարկային տեսուչների աշխատավարձի և պարգևավճարների խնդիրը կարող ենք դիտարկել։ Եթե հարկային տեսուչի աշխատավարձը հարյուր հիսուն հազար դրամ է և հիմնականում բաժնի պետերի հայացողությամբ 80-100 տոսկոսի չափով էլ պարգևավճար է ստանում՝ եկամուտը դարձնելով 250-300 հազար, ապա 30 տոկոսի պարագայում եկամուտը էապես կնվազի, և հարկային տեսուչը, ով մասնավոր հատվածում կարող է զուտ հաշվապահական գործունեություն ծավալելով ավելի շատ գումար վաստակել՝ կգնա այդ քայլին։ Արդյունքում բարձր որակավորում ունեցող մասնագետները կլքեն պետական կառույցները և կանցնեն մասնավոր հատված, ինչի հետևանքն էլ կլինի այն, որ պետական աշխատանքի կանցնեն ավելի ցածր որակավորում ունեցող մասնագետները, ավելի ցածր աշխատավարձով և, բնականաբար, աշխատանքի արդյունավետությունն ու որակը կընկնի։

Անդրադառնալով պարգևավճարների ինստիտուտին, պետք է ասեմ, որ այն հիմնովին փոփոխման կարիք ունի։ Պարգևավճարներ պետք է տրվեն ոչ բոլոր աշխատողներին, այլ միայն նրանց, ովքեր իրոք մեծ ներդրում են ունենում տվյալ կառույցի զարգացման մեջ կամ որևէ մարտահրավերի լուծում են տալիս։ Պարգևավճարը պետք է խրախուսական և գնահատանքի դրսևորում լինի աշխատակցի համար, բայց միևնույն ժամանակ պետք է նկատենք, որ պետական աշխատողների աշխատավարձը շատ ցածր է այն արդյունավետ և արհեստավարժ իրականացնելու համար, ուստի պետք է աշխատավարձի բարձրացման և պարգևավճարների ինստիտուտի փոփոխման խնդիր դնել։ Հետևապես, այս լուծումը չեմ կարող բավարար կամ դրական համարել նույնիսկ միջանկյալ լուծում դիտարկելու պարագայում։ lragir.am

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ