Մեզ համար չափազանց կարեւոր է, որ Արցախն ունենա վճռորոշ նշանակություն սեփական ճակատագրի որոշման գործում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արցախի հարցով բանակցությունների թեմային։
«Վերջին ամիսներին Արցախի հարցի զարգացումների վերաբերյալ ամենատարբեր հարցեր են հնչում եւ ամենատարբեր քննարկումներ են տեղի ունենում։ Եւ ինչպես գրված է կառավարության ծրագրում՝ մեր կառավարությունը հավատարիմ է մնացել մայիսի իննից մինչ որդեգրած այն գաղափարախոսությանը, որ Արցախի հարցով ես պատրաստ եմ եւ պիտի բանակցեմ ՀՀ-ի անունից, բայց չեմ կարող բանակցել Արցախի անունից, որովհետեւ չունեմ այնտեղ նախագահի կամ վարչապետի կարգավիճակ։ Եւ սա իհարկե այն ընդգծումով, որ Հայաստանի Հանրապետությունը եղել եւ մնում է Արցախի անվտանգության երաշխավորը»,-ասաց վարչապետը։
Փաշինյանն ասաց, որ նախկինից էլ հայտնի է, որ ադրբեջանական կողմն ամեն անգամ Արցախի բանակցային գործընթացում ընդգրկվելու առաջարկներին եւ թեմաներին արձագանքում է, որ եթե հայկական կողմը Արցախին որպես կողմ ներգրավի, ապա ադրբեջանական կողմն էլ կներգրավի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներին։
Միեւնույն ժամանակ, ինչպես նշեց վարչապետը, այս դիրքորոշումը լրջագույն պարզաբանումների կարիք ունի․
«Հարցն այն է, որ ադրբեջանական համայնքը միշտ մասնակցել եւ մասնակցում է բանակցային գործընթացին, եւ, ըստ էության, տեղի չի ունեցել անգամ մի խոսակցություն, որ այդ համայնքը ներկայացվածություն չունենա»։
Փաշինյանն ասաց, որ սա այն պարզ պատճառով, որ այսպես կոչված Ղարաբաղի ադրբեջանական համայնքը մասնակցում է Ադրբեջանի ընտրություններին, նրանք հանդիսանում են Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի: Հետևաբար, Ադրբեջանի նախագահն ընտրված է նաև Ղարաբաղի ադրբեջանական համայնքի կողմից և, հետևաբար, Ադրբեջանի նախագահը, Ադրբեջանի կառավարությունն ու Ադրբեջանի խորհրդարանն ունեն մանդատ՝ ներկայացնելու նաև այդ մարդկանց։
Փաշինյանը նշեց, որ, իր տեղեկություններով, Ադրբեջանում համապետական ընտրությունների ժամանակ անգամ առանձին տեղամասեր են գործում, որոնք ներկայացվում են որպես Արցախի ընտրական տեղամասեր` Աղդամի, Ստեփանակերտի և այլն:
«Ադրբեջանի դիրքորոշումը, որ եթե հայկական կողմը պնդում է Արցախի մասնակցությունը, Ադրբեջանն իր հերթին կպնդի Ղարաբաղի ադրբեջանական համայնքի մասնակցությունը, մի շարք հարցեր է առաջացնում. նշանակո՞ւմ է սա արդյոք, որ Ադրբեջանի գործող իշխանությունը հայտարարում է ի սկզբանե, որ չունի լիազորություն ներկայացնելու ողջ Ադրբեջան պետությունը, ողջ ադրբեջանական ժողովրդին` բանակցային գործընթացում»,-հարց հնչեցրեց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը հայտարարեց, որ ինքը գիտի կոնկրետ ձեւեր եւ մեթոդներ՝ Արցախի իշխանություններին բանակցային գործընթացում ներգրավելու համար, և, որ առաջիկայում դրանք քննարկելու են միջազգային հանրության հետ: