ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ-ում մի շատ վտանգավոր մոտեցում է սկսել ցուցաբերել. այդ գործերը փորձ է արվելու օգտագործել քաղաքական նպատակներով, այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց Ռ. Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ այս համատեքստում մեջբերելով Նիկոլ Փաշինյանի ելույթը. «2018թ. սեպտեմբերի 15-ին պրն Փաշինյանը Փարիզում ելույթ ունեցավ ու ասաց. «Մեզ մեղադրում են դատական գործերին միջամտելու մեջ: Սկզբից գաղափար կար, որ մեր պետության հեղինակությունից ելնելով, մենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի բոլոր գործերը, էսպես ասած՝ բան անենք... (նկատի ունի էն գործերը, որոնցով երևում է, որ դիմողները ճիշտ են, իսկ ՀՀ-ն սխալ է եղել, դիմողների հետ հաշտության գան, որ ՄԻԵԴ վճռին չհասնի-Ալումյան)... Բայց հիմա մենք էդ ճանապարհով չենք գնալու: Թող գնան Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանության բոլոր գործերը պարտվեն ՄԻԵԴ-ում, և այդ գործերը հետ գան: Այդ ժամանակ իրենք պատասխան տան, թե էդ ոնց ա եղել, որ տասնյակ գործերով ապօրինի դատավճիռներ են կայացվել»,- ասել է Փաշինյանը»:
Ըստ Ալումյանի՝ «վարչապետն ասում է՝ մենք ուզում ենք ՄԻԵԴ-ում այդ գործերը տարվենք, որպեսզի երբ գործերով վճիռներ գան ՄԻԵԴ-ից, կարողանանք ասել, որ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ժամանակ մարդկանց իրավունքները խախտվել են: Սա նշանակում է՝ ՄԻԵԴ-ի վճիռները փորձել օգտագործել քաղաքական օպոնենտների դեմ պայքարում: Ընդ որում, սա քողարկված հրահանգ է ՄԻԵԴ-ում մեր ներկայացուցիչներին, որոնք պարտավոր են այնտեղ կառավարության անունից առարկել դիմումատուների գանգատների դեմ: Փաստորեն, վարչապետի կողմից հրահանգավորվում է այդ անձանց՝ գնալ ու ՄԻԵԴ-ում այդ գործերը տարվել, որպեսզի հետո վարչապետը կարողանա ապացուցել, որ նախկին իշխանությունները եղել են օրինախախտ»,- շարունակեց Հայկ Ալումյանը: