Երեւանի «Հայրենիք» կինոթատրոնի հարակից հրապարակի տրանսպորտային հանգույցի նախագիծը, որը հրապարակվեց օրեր առաջ, հանրության շրջանում ստացավ անհայտորեն դրական արձագանք: Մասնագետները, սակայն, այն միանշանակ չեն ընդունում:

Քաղաքապետ Հայկ Մարությանը, ֆեյսբուքյան իր էջում ներկայացնելով ծրագրվող հանգույցի լուսանկարները, գրել էր. «Գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ քննարկում ենք «Հայրենիք» կինոթատրոնի հարակից հրապարակի տրանսպորտային հանգույցի նախագիծը: Այն զգալիորեն կթեթեւացնի երթեւեկությունը Արշակունյաց պողոտայի եւ Գարեգին Նժդեհի փողոցի հատման հատվածում՝ ապահովելով անընդհատ երթեւեկություն»:

Հայաստանի վաստակավոր ճարտարապետ, Երեւանի քաղաքաշինության խորհրդի անդամ Գուրգեն Մուշեղյանն ասում է, որ վերոնշյալ նախագիծը գոյություն ունի դեռ 2017 թվականից: Ժամանակին այն մի քանի անգամ քննարկվել է քաղաքաշինության խորհրդում ու նույնքան էլ մերժվել: Մուշեղյանը եւս դեմ է ճանապարհային այս երկհարկանի հանգույցին ու թվարկում է մի քանի պատճառ: Առաջինը եւ ամենակարեւորն, ըստ նրա, այն է, որ քաղաքաշինական նորմերի համաձայն, հրապարակներում անթույլատրելի է մեկից ավելի հարկ ունեցող հանգույցը, որովհետեւ դա աղավաղում է տարածքի ճարտարապետական կերպարը:

«Երկրորդը՝ վերեւի ամբողջ հարթությունը մոտ երկու մետր բարձր է մայթերից: Կողքից անցնողն այդ հարթությունը չի տեսնում, որով մարդիկ, իբր թե, հիանում են: Եթե անցորդի առջեւ կա պատնեշ, չի տեսնում այդ հարթությունը, շենքերը կարո՞ղ է տեսնել: Հեռվից պետք է գա, որ շենք տեսնի»,- արձանագրում է ճարտարապետը: Ի դեպ, Հայկ Մարությանն իր նշված գրառման մեջ սկզբում շեշտել էր. «Նախագծի տեսանելի առավելություններից մեկն էլ այն է, որ հարակից շենքերը ամբողջովին մնում են տեսադաշտում»: Ավելի ուշ նա հեռացրել էր հատվածը:

«Հայրենիք» կինոթատրոնի հարակից հրապարակի տրանսպորտային հանգույցի նախագծի երրորդ թերությունն, ըստ Գուրգեն Մուշեղյանի, այն է, որ դա խցանումները նվազեցնելու փոխարեն ավելի է խորացնելու խնդիրը: Արշակունյաց պողոտայի այդ հատվածից մեքենաների կուտակումները տեղափոխվելու են նույն պողոտայի մյուս խաչմերուկներ, որտեղ լուսաֆորները նախկինի պես շարունակելու են գործել:

Նա նաեւ ընդգծում է այն հանգամանքը, որ տրանսպորտային հանգույցի կառուցամամբ լուրջ անհարմարություններ են ստեղծվելու հետիոտնի համար. «Մարդը չի կարող նորմալ անցնել փողոցը: Նախ պետք է իջնի գետնի տակ, հետո բարձրանա աստիճաններով, տակի ճանապարհի վրայից անցնի, նորից իջնի, նորից բարձրանա, որպեսզի կարողանա անցում կատարել»:

Ճարտարապետը կարծիք է հայտնում, որ այդ ծրագիրն առաջ է մղում մեկը, որը համակագործակցում է Ասիական զարգացման բանկի հետ: Ժամանակին այն փորձում էր իրագործել նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի միջոցով, իսկ այժմ աշխատանքի է անցել քաղաքապետարանում եւ նպատակին հասնելու նոր հնարավորություններ ունի:

Մայրաքաղաքի՝ խնդրո առարկա հատվածում երթեւեկությունը կարգավորելու եւ խցանումները վերացնելու առաջարկ-նախագիծ ունի նաեւ Գուրգեն Մուշեղյանը, որը նախկինում հաստատվել է, բայց այդպես էլ մնացել թղթի վրա: Նա առաջարկում է ամբողջ Արշակունյաց պողոտայում երթեւեկությունը կարգավորել ինքնակառավարման նույն սխեմայով՝ առանց լուսաֆորների, միեւնույն արագությամբ, շրջադարձերով ու առաց տարբեր հարթությունների:

Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը դժվարացավ ասել՝ հրապարակված նախագիծն ամբողջությամբ նո՞ւյնն է, ինչ քննարկվել է նախկինում, թե՞ կան որոշակի փոփոխություններ: «Ես չեմ կարող ասել՝ նախկինում քննարկված տարբերակները նույնությամբ կրկնո՞ւմ են այս տարբերակը, թե՞ ինչ-որ դետալների, էլեմենտների մեջ տարբերություններ կան: Համենայնդեպս, մենք փաստում ենք, որ Երեւանի քաղաքապետարանը այդ հատվածում երթեւեկությունը թեթեւացնելու նպատակով աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ քայլեր է ձեռնարկել: Եվ այս պահին ակտիվորեն քննարկվում են մի քանի նախագծեր, այդ թվում՝ պարոն Գուրգեն Մուշեղյանի նախագիծը եւ այն նախագիծը, որը մենք տեսել ենք նախօրեին հրապարակված լուսանկարում: Դա քննարկվող նախագծերից մեկն է՝ իր բոլոր առավելություններով եւ խնդիրներով հանդերձ»,- ասաց քաղաքապետի մամուլի քարտուղարը՝ հավելելով, որ Երեւանի գխավոր ճարտարապետի սեղանին դրված է երեք-չորս այդպիսի նախագիծ:

Քաղաքապետն, ըստ նրա, մտադիր է «Հայրենիք» կինոթատրոնի հարակից փողոցներում երթեւեկությունը կարգավորելու խնդիրը լուծել հնարավորինս սեղմ ժամկետներում, իսկ ֆինանսական միջոցներ կներգրավվեն, ամենայն հավանականությամբ, Ասիական զարգացման բանկի հետ համագործակցության շրջանակներում: «Բանկը, ինչպես գիտենք, Երեւանի կենտրոնը շրջանցող ճանապարհների պրոյեկտ է իրագործում, եւ այդ պրոյեկտից խնայված միջոցներից գումարներ կհատկացվեն այս նախագծին»,- ասաց Հակոբ Կարապետյանը: Հավաստիացրեց, որ Ասիական զարգացման բանկը պատրաստ է միջոցներ տրամադրել քաղաքի ենթակառուցվածքների զարգացման համար՝ անկախ նրանից, թե քննարկվող երեք-չորս նախագծերից որը կընտրվի: