Suddeutsche Zeitung գերմանական պարբերականը հղում անելով Ֆրանսիայի կառավարության աղբյուրին գրում է, որ Փարիզը մտադիր է մերժել Բեռլինի նախաձեռնությունը, կապված Հյուսիսային հոսք-2 գազատարի հետ: Փետրվարի 8-ին Եվրամիությունում լինելու է ԵՄ գազային հանձնարարականի պայմանները խստացնելու հարցի քվեարկություն: Գերմանիան մտադիր է նախաձեռնել արտոնություն Հյուսիսայի հոսք-2-ի համար: Բեռլինը ցանկանում է առաջարկել, որ չեզոք ջրերում անցնող խողովակները ենթակա չլինեն ԵՄ խիստ կարգավորմանը, ինչպես ԵՄ տարածքով անցնող խողովակաշարերը:

Մինչ այս, Փարիզը պաշտպանում էր Բեռլինի մոտեցումը, սակայն գերմանական պարբերականն այժմ հայտնում է, որ Ֆրանսիան մտադիր է չմիանալ այդ նախաձեռնությանը եւ պահանջել խիստ կարգավորում թե ԵՄ տարածքով, թե չեզոք ջրերով անցնող գազամուղերի համար:

Փարիզը համարում է, որ այդպիսով Եվրամիությունը կկարողանա վերահսկել Հյուսիսային հոսք-2-ը, այդպիսով թույլ չտալով ավելի մեծ կախվածություն Ռուսաստանից: Ֆրանսիան այդպիսով պաշտպանում է Արեւելյան Եվրոպայի մի շարք երկրների դիրքորոշումը, որոնք ավելի վաղ հայտնել են, որ Հյուսիսային հոսք-2-ը կարող է մեծացնել ՌԴ քաղաքական ազդեցությունը:

Հյուսիսային հոսք-2-ը ռուս-գերմանական նախագիծ է, որով Բալթիկ ծովով ռուսական գազը հասնելու է Գերմանիա: Այդպիսով Ռուսաստանը կբարձրացնի իր տեսակարար կշիռը ԵՄ-ին մատակարարվող գազի առումով: Ռուսական գազի բաժինը Եվրոպայում շարունակաբար աճում է: Նախորդ տարի փետրվարին ռուսական ընկերությունը հայտարարեց, որ ռեկորդային ցուցանիշի է հասել եւ զբաղեցնում է եվրոպական շուկայի մոտ 35 տոկոսը: Ներկայում Գազպրոմի բաժինը գնահատվում է 40 տոկոսից ավելի: Եվրոպայում գազի պահանջարկը զգալիորեն աճում է: Հյուսիսային հոսք-2-ի շահագործումից հետո Գազպրոմի բաժինն էլ ավելի կբարձրանա: Գազամուղի առաջին գիծը նախատեսվում է շահագործման հանձնել 2019-ի նոյեմբերին, երկրորդը՝ դեկտեմբերին:

Ռուսաստանից Եվրամիության գազային կախվածությունը նվազեցնելու դիրքորոշում է արտահայտում ԱՄՆ-ն: Այդ առումով հիշարժան է 2018-ին Թրամփի կոշտ արտահայտությունները Գերմանիայի կանցլերի հասցեին: ԱՄՆ նախագահը հայտարարում էր, թե ԱՄՆ միլիարդներ է ծախսում Եվրոպայի, այդ թվում Գերմանիայի անվտանգության, ռուսական սպառնալիքը զսպելու համար, իսկ Գերմանիան միլիարդավոր դոլարների գազային գործարք է կնքում ՌԴ հետ:

Բեռլինը տեղի կտա՞ այն բանից հետո, երբ Փարիզը հրաժարվի աջակցել Հյուսիսային հոսք-2-ի համար ակնկալվող արտոնությանն ու պահանջի խիստ վերահսկողություն:

Այս դիմակայությունը հետաքրքիր է դիտվում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրերս Գերմանիա այցի ֆոնին, իսկ դրանից առաջ էլ Մոսկվայում պատասխանել էր լրագրողների հարցին Հյուսիսայի հոսք 2-ի համատեքստում: Նրան հարցրել էին, թե արդյոք Հայաստանը ծրագրում է միանալ երկրներին, որոնք ուզում են նվազեցնել էներգակախվածությունը Ռուսաստանից եւ օրինակ անվտանգության սպառնալիք են դիտարկում Հյուսիսային հոսք-2 նախագիծը:

Վարչապետ Փաշինյանը պատասխանել էր, որ ցավոք Հայաստանում չի կառուցվում Հյուսիսային հոսք 2, բայց Հայաստանը հետաքրքրված է, որ մեր երկրում կառուցվի որեւէ տարանցիկ գազամուղ, որը գազը Ա կետից կհասցնի Բ կետ:

Եվրամիության էներգետիկ անկախության, ռուսական գազային ազդեցության նվազման հիմնական այլընտրանք է դիտվում ԹԱՆԱՓ բազմաճյուղ նախագիծը, որի իրականացումը սակայն եւս կախված է մի շարք տնտեսական ու քաղաքական բարդություններից: Նախագիծը ենթադրում է կասպիական գազի տարանցում Եվրոպա, շրջանցելով Ռուսաստանը: Այդուհանդերձ, նախագիծը դեռ մոտ չէ իրականացմանը, միեւնույն ժամանակ կասկածելի է, որ այն կարողանա ապահովել էական այլընտրանք ռուսական գերիշխանությանը Եվրոպայի գազային շուկայում: Առավել եւս, որ այստեղ ճանապարհն անցնում է Թուրքիայով, որը Եվրամիության համար հազիվ թե լինի ավելի կանխատեսելի եւ ընդունելի գործընկեր, քան Մոսկվան:

Կարո՞ղ է արդյոք դիտարկվել նաեւ իրանական գազը: Այս հարցը խիստ տեսական մակարդակում է, հասկանալի թե տնտեսական, թե աշխարհքաղաքական խնդիրներով:

Բայց այդ համատեքստում հետաքրքիր է, որ Դավոսի համաժողովից հետո Մոսկվա այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանին տալիս են հարցը գազամուղի մասին, ստանալով վերը նշված պատասխանը: Շարունակվե՞լ է քննարկումը Գերմանիայում: Եվ կլինի՞ շարունակություն փետրվարի վերջին Իրանում, հարցը տեսականից բերելով քաղաքական գործնական հարթություն, կամ գոնե մոտեցնելով դրան:

Արդյոք Եվրոպայում գազային բանավեճերը, այդ թվում հասունացող ֆրանս-գերմանական, կմղեն, որ Փարիզը կամ Բեռլինը հայացք ուղղեն այդ խնդրին էլ, որեւէ բան առաջարկելով Հայաստանին: