Մարտի մեկի գործով հետաքրքրիր զարգացումներ են տեղի ունենում, Lragir.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը: «Ես ենթադրում եմ, որ բավական լայնածավալ գործողություններ են իրականացվում Հատուկ քննչական ծառայության կողմից: Այնպես որ, առաջիկա ժամանակահատվածում մենք ականատես կլինենք կարևոր զարգացումների»,- ասաց իրավապաշտպանը:

Անդրադառնալով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին՝ որպես վկա հարցաքննելու դեպքին, Սաքունցն ասում է, որ առաջին կարևոր հանգամանքը պաշտոնատար անձանց հարցաքննությունն է, ովքեր ներգրավված են եղել այդ հանցավոր գործողության կատարման մեջ: Երկրորդ կարևոր գործոնը զինվորականներն են, ովքեր պետք է հարցաքննվեին՝ պարզելու համար նրանց գործողությունները, առնչությունները և ընդհանրապես հանցագործության մեխանիզմը, թե ինչպես է այն կատարվել: Երրորդ կարևոր գործոնը, ըստ Սաքունցի, վկաների հարցաքննությունն է, որոնց ցուցմունքներն էական նշանակություն կունենան կասկածյալների բացատրությունների արդյունքում արձանագրված ինչ-ինչ հարցերը պարզելու համար:

«Եվ այդ առումով ինչ-որ փուլում նախաքննության ընթացքում պետք է նաև ինչ-որ զուգահեռ քննչական գործողություններ կատարվեին, դա այն է, ինչ տեսնում ենք: Եվ այս առումով, այն, որ պահանջում են, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կամ այդ ժամանակվա ընդդիմադիրները նույնպես մեղավոր են Մարտի մեկի համար, ես անհեթեթություն եմ համարում, որովհետև զինված ուժերի կիրառման մասին որոշում կարող էին կայացնել միայն այդ պահին համապատասխան լիազորություններ ու իրավասություն ունեցող անձինք, որոնք ունեն և հրամաններ արձակելու, և հրամաններ ընդունելու, և արտակարգ դրություն հայտարարելու, նաև զենք կրելու լիազորությունները: Ի վերջո, այդ հարյուրավոր գործերի մեջ չկա որևէ քրեական գործ, որ Մարտի մեկի ցուցարարներից որևէ մեկին մեղադրանք առաջադրեին ապօրինի զենք կիրառելու կամ ունենալու մեջ: Եվ այդ տեսակետից եմ ես անհեթեթ համարում տուժողներին մեղադրելը»,- ասաց նա:

Այստեղ, ըստ Սաքունցի, կա մի հարց, որը կարող է առնչվել գործին, դա այն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքներից մեկի ժամանակ հայտարարել էր գեներալ Մանվելի՝ իբր շարժմանը միանալու մասին:

«Այն ժամանակ գեներալ Մանվելը պաշտպանության նախարարի տեղակալն էր: Այս առումով շատ կարևոր է պարզել, թե ինչի հիման վրա է նման հայտարարություն արվել, և արդյոք դա էական նշանակություն կարող էր ունենալ զիված ուժերի ինչ-որ ստորաբաժանումների՝ ներքին քաղաքական հարցերի մասնակցության տեսակետից: Բայց ես կարծում եմ, որ այդ վարկածը հիմնավոր չէ, որովհետև եթե նման փորձ կատարած լինեին, ապա գեներալ Մանվելի ու գեներալ Մելքոնյանի նկատմամբ ժամանակին քրեական գործ կհարուցվեր՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու և ինչ-որ գործողություններ կատարելու համար: Այն, ինչ մենք տեսանք, որ փորձ արվեց իրականացնել Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ՝ որպես Գլխավոր դատախազի տեղակալ: Այսինքն՝ Լևոն Տեր-Պետրոսյանին հարցաքննելու համար հիմքեր կան՝ որպես տուժող՝ նաև իմ ասած հանգամանքը պարզելու համար: Էլ չեմ ասում, որ հենց գեներալ Մանվելն էլ պետք է հարցաքննվի, պետք է հարցաքննվեն նաև քաղաքական հետապնդման հետևանքով բոլոր այն ազատազրկվածները, ովքեր իշխանության կողմից զինված ուժերի ներգրավմամբ այդ քրեական հանցագործության տուժածներն են համարվում»,- նշեց նա:

Ըստ Սաքունցի՝ հետաքրքիրն այն է, որ պետք է արձանագրել՝ ոչ ոք այլևս չի հերքում, որ 0038 հրամանը արձակվել է: Առնվազն Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների հրապարակավ հայտարարություններից պարզ է, որ դա արդեն որպես անհերքելի փաստ է համարվում: Այլ հարց է, որ փորձում են այնպես մեկնաբանել, որ Ռոբերտ Քոչարյանն իբր տեղյակ չի եղել: Բայց այդ դեպքում էլ, նրա խոսքով, հարցերն էլ ավելի են շատանում, որովհետև այդ հրամանը եղել է հակասահմանադրական ու հակաօրինական:

«Ինչո՞ւ, որովհետև մեկ հրամանով նոր զինված ստորաբաժանում է ձևավորվում: Դրա ստեղծման լիազորություն կարող է ունենալ միայն ՀՀ նախագահը՝ որպես գլխավոր գերագույն հրամանատար: Ավելին, եթե նա հետո է իմացել, ապա հակասահմանադրական և հակաիրավական այդ հրամանի գործողությունը կասեցնելու ուղղությամբ քայլեր չեն եղել նույն Ռոբերտ Քոչարյանի կողմից: Ավելին, գլխավոր շտաբի պետ հանդիսացած Սեյրան Օհանյանը՝ որպես պաշտոնատար անձ, որևէ մասնակցություն չի ունեցել այդ 0038 հրամանի կայացման մեջ: Կամ, եթե ունեցել է, ապա այդ դեպքում դուրս է գալիս, որ ինքն էլ է մասնակից: Այսինքն՝ ստացվում է, որ գլխավոր շտաբի պետի ենթակայությամբ զինված ստորաբաժանումներից ստեղծել են մի ստորաբաժանում, և ԳՇ-ն օրենքով սահմանված իր լիազորությունները չի կատարել: Էլ չեմ խոսում այն մասին, որ Մարտի մեկից հետո արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանը որևէ իրավական հիմնավորում չունի: Բայց եթե նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը փորձի ասել, որ դա լիովին բխում է իր սահմանադրական իրավունքներից, ապա հենց այդ արտակարգ դրություն հայտարարելու ժամանակ վերջին հաշվով զինված ստորաբաժանումներ են ներգրավվել: Այդ ո՞վ է ներգրավել, ինքը տեղյալ չի՞ եղել, և ինչքանո՞վ են նրանք համարժեք եղել»,- հարցադրումներ է անում Արթուր Սաքունցը:

Նրա խոսքով՝ շատ ուշագրավ է Սերժ Սարգսյանի հարցաքննության մասին տեղեկությունը: Պարզվում է, ըստ տեղեկությունների, նա երկու անգամ է հարցաքննվել: «Ինքը վարչապետն էր, այդ կառավարությանն առընթեր էին ԱԱԾ-ն, ոստիկանությունը, նա չէր կարող չիմանալ երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին և չէր կարող դրանց մասնակից չլինել: Այստեղ արդեն առնվազն գործ ունենք ոչ միայն մասնակցության, այլեւ հանցավոր անգործության հետ, որը հանգեցրել է ծանր հետևանքների: Գործ ունենք այնպիսի հանցավոր անգործության հետ, որ 10 տարի նա, լինելով երկրի ղեկավար, ջանք չի գործադրել, որպեսզի Հատուկ քննչական ծառայության կողմից Մարտի մեկի հանցագործության ուղղությամբ բազմակողմանի քննություն իրականացվի»,- ասաց նա:

Մյուս հարցադրումն, ըստ իրավապաշտպանի, այն է, թե ինչու կասեցվեց Փաստահավաք խմբի գործունեությունը: Իսկ փաստահավաք խմբի կողմից ձեռք բերված տվյալների օգտագործման ուղղությամբ Սերժ Սարգսյանն ի՞նչ հրաման է արձակել, ի՞նչ որոշում է կայացրել, հետամուտ եղե՞լ է այդ փաստերի ուղղությամբ քննչական մարմինների գործունեությանը:

Ըստ նրա՝ ուշագրավ է նաև այն, որ հիմա ամեն կերպ փորձում են այնպիսի տպավորություն ստեղծել, որ Ռոբերտ Քոչարյանը ընդհանրապես տեղյակ չի եղել հրամանների մասին:

«Անտեղյակությունը՝ որպես քրեական պատասխանատվությունից խուսափելու պատճառաբանություն, պրիմիտիվ վարքագիծ է, որը բնորոշ է նման ծանր հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող անձանց վարքագծին: Բայց այստեղ մի կարևոր հանգամանք կա, որ փորձում են շահարկել, թե Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Այստեղ հարցը հետևյալն է՝ եթե նույնիսկ տեսականորեն ընդունենք, որ նախաքննության մարմինը բացարձակապես ոչ պրոֆեսիոնալ է աշխատում և ենթադրենք չի կարողանում պատշաճ փաստաթղթավորում ապահովել ապացույցների ու հիմնավորումների տեսակետից, ապա դա ոչ մի վայրկյան անգամ չպետք է հույս տա այդ հանցագործության մեջ կասկածվողներին ու պատասխանատուներին, որ նրանք ընդհանրապես կխուսափեն պատասխանատվությունից: Այդ հանցագործությունը պետք է իր իրավական գնահատականը ստանա»,- ասաց նա:

Ըստ Սաքունցի՝ ինչ վերաբերում է Քոչարյանի կալանավորման հարցի շահարկումներին, ապա պետք է հաշվի առնել հետևյալը: Այն, որ Քոչարյանը բավական լուրջ ներդրումներ է կատարում տեղեկատվական միջոցներով իր վերաբերյալ բարենպաստ տեղեկություններ տարածելու ուղղությամբ, խոսում է այն մասին, որ նա նախաքննության ամբողջ ընթացքի վրա ազդելու լծակեր ունի: