Հայաստանի ու Արցախի քաղաքական էլիտաների միջև անջրպետը մեծանում է։ Արցախից ավելի շատ են հնչում քննադատական հարցազրույցներ, կարծիքներ, նույնիսկ այն մարդկանց կողմից, ովքեր իրենց հայտարարում են հեղափոխության ու Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներ։ Սա առնվազն խոսում է այն մասին, որ արցախցի գործիչների մոտ աշխատում է այսպես կոչված՝ տեղային համերաշխության, հայրենասիրության գործոնը։

Արցախի իշխանություններին ընդդիմադիր Վահան Բադասյանը «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում Մարտի 1-ի գործի մասին հանդես է եկել վիճահարույց ու հակասական հայտարարություններով, որոնք ավելի շատ բնորոշ են նախկին համակարգի գործիչներին։

«․․․Եթե Քոչարյանի կողմից կար սահմանադրական կարգի տապալում, ապա Տեր-Պետրոսյանի կողմից կար զինված հեղաշրջման փորձ․․․ Տեր-Պետրոսյանն ու ժողովուրդը զինված չէին, բայց նրա կողմնակիցներից Մանվել Գրիգորյանը զինված էր, որը ԵԿՄ-ն էր գլխավորում ու պետք է զինված գային հրապարակ, բայց վերջին պահին չեկան։ Ես չեմ ասում՝ Տեր-Պետրոսյանը սխալ էր, Քոչարյանը՝ ճիշտ, բայց այս հարցը ավելի բարդ է, այս հարցը խճճվելով գնալու է փակուղի»,- ասել է Բադասյանը։

Ավելորդ է ասել, որ Տեր-Պետրոսյանի «մեղավորության» վարկածը տասը տարի եղել է Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան տանդեմի կողմից ղեկավարված համակարգի պաշտոնական վարկածը։ Ընդ որում՝ Տեր-Պետրոսյանի տասնյակ կողմնակիցներ ակնհայտ կեղծ մեղադրանքներով դատապարտվել են ու այդ գործերն այժմ փուչիկի պես պայթում են ՄԻԵԴ-ում։ Սակայն անցած տասը տարիների ընթացքում անգամ Բաղրամյան 26-ի կողմից հրահանգվող դատախազական, քննչական ու դատական համակարգերը չկարողացան հիմնավորել, որ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը զինված հեղաշրջման փորձ է արել։ Շատ էին ուզում հիմնավորել, սակայն չկարողացան, որովհետև իրականում նման բան գոյություն չուներ։ Համաժողովրդական շարժումը վայելում էր հասարակության անվերապահ աջակցությունը ու իր օրակարգին փորձում էր հասնել բացառապես քաղաքական ճանապարհով։ Եթե Բադասյանը զինված հեղաշրջման փորձ է համարում այն հանգամանքը, որ ժողովրդի ճնշման տակ իշխանության ռեսուրսները փոշիանում էին, կամ համակարգը կազմաքանդվում էր՝ դա մոլորություն է։ Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանը գնաց Մարտի 1-ի կազմակերպմանը նաև այդ պատճառով․ նա իր այլանդակ համակարգը կոնսոլիդացնելու այլ ռեսուրս պարզապես չուներ։

Ի դեպ, Բադասյանի խոսքում կա ակնհայտ հակասություն․ չեն կարող միաժամանակ Քոչարյանին հասցեագրվել սահմանադրական կարգի տապալման, իսկ Տեր-Պետրոսյանին՝ զինված հեղաշրջման մեղադրանքներ։ Դա կլինի աբսուրդ։ Նախաքննությամբ ապացուցվել է, որ գոյություն ունի չարաբաստիկ 0038 հրամանը, որով բանակը միջամտել է ներքաղաքական գործընթացներին։ Սա հենց սահմանադրական կարգի տապալման հիմնական ապացույցն է, մյուս կողմից՝ չկա որևէ ապացույց, որ «զինված» Մանվելը հեղաշրջման փորձ է արել Լևոն Տեր-Պետրոսյանի անունից կամ հրահանգով։ Սակայն կա իրական փաստ, իսկ դա այն է, որ Ռոբերտ Քոչարյանի կողմից պաշտոնանկ լինելուց հետո Մանվել Գրիգորյանն ոչ թե ընդվզել է կամ քաղաքական հայտարարություն է արել, այլ հեռացել է տուն՝ նույնիսկ խզելով բոլոր կապերը Տեր-Պետրոսյանի թիմի հետ։

Ի դեպ, նախկին համակարգի կլիշեներով Վահան Բադասյանը խոսում է նաև ԼՂ խնդրի մասին։ Ահավասիկ, նա ասել է․ «․․․Ի դեպ, հող հանձնողական ամենաուժեղ տերպետրոսյանական ջատագովներից մեկը Վլադիմիր Կարապետյանն է, որին Փաշինյանը վերցրեց որպես մամլո խոսնակ… սա մեծ հարված է Արցախի հարցին․․․ Իհարկե, նա չի հայտարարել, որ հանձնելու է, բայց մինչև իրեն, բոլորն էլ հայտարարել են, որ հանձնելու են, իսկ ինքն էլ պաշտոնի է վերցնում հող հանձնողներին ու կասկածի տակ դնում»։

Արցախի հարցում դեմագոգիկ հակաքարոզչությունը նույնպես հին համակարգին հարազատ ձեռագիրն է ու նորություն չէ։

2008-ին, երբ նրանք ունեին իշխանությունը կորցնելու վտանգ ու Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ չունեին քաղաքական արգումենտներ, զարգացրեցին այսպես կոչված՝ «քիրվայության» տեսությունը՝ պնդելով, թե իբրև առաջին նախագահը վերադառնում է հողեր հանձնելու նպատակով։ Հիմա նույն փաստարկն օգտագործում են Նիկոլ Փաշինյանի դեմ՝ պատրանք ստեղծելով, թե նա Տեր-Պետրոսյանի ստվերում է։

Այս առումով Վահան Բադասյանը նոր ոչինչ չի ասում, ըստ էության՝ կրկնելով Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կողմնակիցների թեզերը։ Եթե նույնիսկ Արցախի ընդդիմադիր գործիչները կրկնում են այս թեզերը, ապա դա լուրջ ահազանգ է, որ Երևանի ու Ստեփանակերտի միջև առաջացել է խոր անջրպետ, որը միայն խորանում է քաղաքական լուծումների բացակայության հետևանքով։

1in.am Սարգիս Արծրունի