Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Աշոտ Մանուկյանի նախագահությամբ ավարտվել է Արա Էլբակյանի գործի դատական քննությունը:

Դեպքի պահին 43-ամյա Արա Էլբակյանը պայմանագրային զինծառայող էր, վարորդ, կոչումով՝ շարքային:

Նրան մեղադրանք էր առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 377 հոդվածի 3-րդ մասով:

2017 թվականի սեպտեմբերի 14-ին, ժամը 21-ն անց 45-ի սահմաններում Արա Էլբակյանը վարել է ՊՆ հաշվեկշռում գտնվող «Զիլ» մեքենան: Երևան-Գյումրի ավտոճանապարհի 95-րդ կմ հատվածում, ըստ մեղադրանքի, Արա Էլբակյանը խախտել է ՃԵԿ համապատասխան պահանջները, մեքենան վարել է տվյալ ճանապարհահատվածում թույլատրելի առավելագույն արագությունը՝ 30 կմ/ժ-ն, այնպես էլ տվյալ շրջադարձում կողասահքի չենթարկվելու պայմանից ելնելով՝ սահմանային 60 կմ/ժ-ն գերազանցող՝ 71 կմ/ժ-ից ավելի մեծ արագությամբ, ինչը չի ապահովել «Զիլ» մեքենայի լիարժեք կառավարումը:

Արդյունքում, ըստ մեղադրանքի, «Զիլ» մեքենան դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս, բախվել է հանդիպակաց ուղեմասով երթևեկող «Օպելին», դուրս է եկել երթևեկելի մասի սահմաններից ու գլորվել է ձորը:

«Օպելի» 43-ամյա վարորդ Վարդան Մ.-ն և ուղևոր՝ 30-ամյա Ռոստոմ Բ.-ն ստացած մարմնական վնասվածքներից մահացել են, իսկ «Զիլ» մեքենայում գտնվող ուղևոր՝ 51-ամյա Անանիկ Ղ.-ի առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:

Դատարանում Արա Էլբակյանն իրեն մեղավոր չի ճանաչել:

Որպես կասկածյալ հարցաքննության ժամանակ նա հայտնել է, թե ՊՆ-ում պայմանագրային հիմունքներով աշխատում է 2012 թվականից, վարել է «Զիլ» և «ԿամԱԶ» մեքենաները:

2017 թվականի սեպտեմբերի 14-ին «Զիլ» և «ԿամԱԶ» մեքենաներով զորամասից մեկնել են Երևան՝ ՊՆ պահեստից ապրանքներ ստանալու: Պահեստում պարզվել է, որ «ԿամԱԶ»-ը անսարքություն ունի: Ինքը բանվորներ Անանիկի ու Ռուբենի հետ իր վարած «Զիլ» մեքենան բարձել ու շարժվել է Գյումրի: Ռուբենը նստած էր իր կողքին, Անանիկը՝ նրա կողքին՝ դռան մոտ:

Ժամը 21-ն անց 30-ի սահմաններում հասել են Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Սառնաղբյուր գյուղին հարակից ճանապարհահատվածին, որը վայրէջք ունեցող ճանապարհ է, այնտեղ շինարարական աշխատանքներ էին կատարվել:

Երբ այդ ճանապարհի երկու ոլորաններից մեկն անցել էր, երկրորդ ոլորանի սկզբնամասում հանկարծ մոտ տասը մետր հեռավորությունից տեսել է հանդիպակաց ուղեմասով ընթացող մեքենա, որի լույսերը շլացրել են իրեն: Ինքը մտածել է, թե կարող է բախվել այդ մեքենային, իր մեքենայի ղեկը կտրուկ աջ է թեքել: Այդ ժամանակ իրեն թվացել է, թե կորցնում է մեքենայի կառավարումը, ղեկը ձախ է թեքել, իրոք՝ կորցրել է մեքենայի կառավարումը, մեքենան կողաշրջվել է դեպի ձախ, ընկել է հանդիպակաց ընթացող մեքենայի՝ «Օպելի» վրա, անցել է այդ մեքենայից, հայտնվել է գետնին, ապա բախվել է արգելապատնեշին ու գլորվել է ձորը:

Արա Էլբակյանն ասել է, թե իր վարած «Զիլ» մեքենան տեխնիկապես սարքին վիճակում էր: Վթարի պահին մեքենան բեռնված էր 3,5 տոննա բեռով: Մինչև վթարը ինքը երթևեկել է 40-50 կմ/ժ արագությամբ: Մինչև վթարը հաճախակի արգելակել է, որ վայրէջքին մեքենայի ընթացքը չարագանա:

Ըստ ամբաստանյալի՝ իր վարած մեքենայի կողաշրջվելու պատճառն այն էր, որ մեքենայի ղեկը կտրուկ աջ է թեքել, հետո՝ ձախ: Մեքենան հավասարակշռությունը կորցրել է, դրան նպաստել է նաև այն, որ մեքենան բեռնված էր:

Հետագայում՝ որպես մեղադրյալ հարցաքննվելու, ապա դատարանում հարցաքննվելու ժամանակ Արա Էլբակյանը հայտնել է, թե վթարից անմիջապես առաջ ինքը կուրացել է հանդիպակաց ընթացող մեքենայի լույսերից, արգելակել է ու ղեկը ո՛չ կտրուկ՝ թեքել է դեպի աջ: Ցանկացել է արգելակելով կանգնեցնել մեքենան, բայց հարված է զգացել մեքենայի հետևի անվադողին, կորցրել է կառավարումը, կողաշրջվել ու ընկել է ձորը:

Արա Էլբակյանը պնդել է՝ ինքը նախաքննական մարմնին չի ասել, թե ղեկը աջ ու ձախ է արել, միայն ասել է՝ աջ է քաշել: Ինքը «Օպելի» վրայով չի անցել, միայն հարված է զգացել անիվին: Ինքը 71 կմ/ժ արագությամբ չի երթևեկել, հանդիպակաց ուղեմաս դուրս չի եկել, գտնվել է իր երթևեկելի գոտում: Կարծում է՝ «Օպելը» իր վարած մեքենայի հետևի անիվին է դիպել: Տարածքը թեք էր, դրա համար մեքենան սահել է դեպի ձախ…

Տուժողի իրավահաջորդ Մնացական Խ.-ն հայտնել է, թե «Օպելի» ուղևոր Ռոստոմ Բ.-ն իր քեռու տղան էր, նրա ծնողները զոհվել էին 1988-ի երկրաշարժին, Ռոստոմը ապրել է իրենց հետ… Նա աշխատում էր Թալինում՝ «Ակբա կրեդիտ ագրիկոլ» բանկում՝ որպես վարկային բաժնի մասնագետ:

«Օպելի» վարորդը եղել է իր փեսան: Դեպքի օրը զանգել են իրեն ու ասել են, թե վթար է եղել, քեռու տղան մահացել է, իսկ փեսան ծանր վիճակում է: Ինքն անմիջապես գնացել է հիվանդանոց, կոնկրետ վթարի մասին ոչինչ ասել չի կարող…

Տուժողի իրավահաջորդ Արտակ Մ.-ն հայտնել է, թե «Օպելի» վարորդ Վարդան Մ.-ն իր եղբայրն էր: Նա աշխատում էր Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի շինարարության վրա: Հիվանդանոցում խոսում էին, թե «Զիլ» մեքենան անցել է Վարդանի վարած «Օպելի» վրայով, հետո գլորվել է ձորը…

Արա Էլբակյանը մահացածների հարազատներին որևէ կերպ չի աջակցել…

Գործով վկա Արմեն Գ.-ն հայտնել է, թե դեպքի օրը իր «Ֆոլքսվագեն» մեքենայով երթևեկել է Երևան-Գյումրի ավտոճանապարհով:

Ժամը 21-ն անց 30-ի սահմաններում հասել է Սառնաղբյուր գյուղին հարակից ճանապարհահատվածի վայրէջքին: Այնտեղ շինարարական աշխատանքներ էին կատարվել: Իր դիմացով ընթանում էր ՊՆ համարանիշով «Զիլ» մեքենա: Սկզբում ինքը ցանկացել է վազանց կատարել, սակայն նկատելով ճանապարհային նշանը, որ վազանցն արգելվում է, որոշել է մինչև վայրէջքի վերջը ընթանալ «Զիլ»-ի հետևից: Ինքն ընթանում էր մոտ 40 կմ/ժ արագությամբ: Իր ու «Զիլ» մեքենայի հեռավորությունը 20-25 մետր էր: Դեռ չհասած ճանապարհի երկրորդ ոլորանին՝ նկատել է, որ «Զիլ» մեքենայի հետևի աջ կողմի անիվները բարձրացել են գետնից, մեքենան կողաշրջվել է դեպի ձախ՝ հանդիպակաց ուղեմասով երթևեկող «Օպելի» վրա, անցել է «Օպելի» վրայով՝ ձախակողմյան անիվների վրա գնացել-հարվածել է արգելապատնեշին, այն տեղաշարժել ու ընկել է ձորը:

Ինքը միանգամից կանգնել է, փորձել է օգնել «Օպելում» գտնվողներին: Մարդիկ են հավաքվել, շտապօգնությունն է եկել, «Օպելի» վարորդին և ուղևորին տեղափոխել են հիվանդանոց:

Ըստ վկայի՝ «Զիլ» մեքենայի կողաշրջվելուն նպաստել է այն, որ տեղանքում ոլորաններ կան, երթևեկելի հատվածը նեղ է, մեքենան բեռնված էր: Կոնկրետ վարորդը ինչ գործողություններ է կատարել, ինքը չի կարող ասել…

Դատաքննական ցուցմունքում վկան ենթադրել է, որ երևի «Զիլը» թափքի մասով է անցել «Օպելի» վրայով…

Ըստ ավտոտեխնիկ-փորձագետի՝ հիմք ընդունելով հետքաբանական հետազոտության արդյունքները, եկել են այն եզրահանգման, որ «Զիլ» մեքենան դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս, առջևի ձախակողմյան անիվով բարձրացել է «Օպել» մեքենայի ձախակողմյան անիվի վրա ու անվաթևի վրայով ընթացել է դեպի մեքենայի սրահը, այդ ժամանակ տեղի է ունեցել մեքենաների փոխազդեցությունը: Դրանից հետո «Զիլ» մեքենայի անիվները հպվել են ասֆալտին, «Զիլը» դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել է ձորում: Հանդիպակաց գոտի դուրս գալու պատճառը եղել է «Զիլ» մեքենայի վարորդի կողմից նախապես ընտրված ոչ ճիշտ ռեժիմն ու արագության գերազանցումը… Եթե անգամ «Զիլ» մեքենայի վարորդը շլացել է դիմացից եկող մեքենայի լույսերից, նա պիտի ընտրեր երթևեկության այնպիսի ռեժիմ ու արագություն, որ հանդիպակաց ուղեմաս դուրս չգար…

Արա Էլբակյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենգրքի 377 հոդվածի 3-րդ մասով և դատապարտվել է 7 տարի 6 ամիս ազատազրկման: Պատժի սկիզբը կհաշվվի փաստացի արգելանքի տակ առնելու պահից:

Արա Էլբակյանից հօգուտ պետբյուջեի՝ կբռնագանձվի 1 միլիոն 990 հազար 034 դրամ՝ որպես ՊՆ հաշվեկշռում գտնվող «Զիլ» մեքենային, ՊՆ-ին պատճառված նյութական վնասի հատուցում:

Արա Էլբակյանից հօգուտ պետբյուջեի՝ կբռնագանձվի 142 հազար 800 դրամ՝ որպես դատական ծախսերի՝ կատարված փորձաքննությունների արժեքի հատուցում:

Դատարանն իրավունք է վերապահել տուժողների իրավահաջորդներին՝ քաղաքացիական դատավարության կարգով քաղհայցի պահանջներ ներկայացնելու: