Ղարաբաղի հարցի կարգավորման ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովրդի համար: Այս մասին այսօր Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով ՀՀ խորհրդարանում ունեցած իր ելույթը:
Նրա խոսքով՝ հույս ուներ, որ այս հայտարարության նման հայտարարություն կհետևի նաև ադրբեջանական կողմից, բայց, ցավոք սրտի, ըստ Փաշինյանի, ադրբեջանական կողմից ոչ մի պաշտոնյա նույնիսկ կիսաձայն չի բարձրաձայնում, որ Ղարաբաղի հարցի որևէ լուծում կարող է ընդունելի լինել Հայաստանի ժողովրդի ու Ղարաբաղի ժողովրդի համար:
Ըստ վարչապետի՝ այս մի հայտարարության պատմությունը հստակ ցույց է տալիս այն իրավիճակը, որ ունենք բանակցային գործընթացում:
«Քանի դեռ համարժեք հայտարարություններ չեն հնչում նաև Ադրբեջանից, մենք շատ մեծ հույսեր ունենալ, որ կարող ենք առաջ շարժվել այս ուղղությամբ, ցավոք, չենք կարող։ Իհարկե, Հայաստանի Հանրապետությունը նվիրված է բանակցային գործընթացում բացառապես խաղաղ ճանապարհով հարցը լուծելու տրամաբանությանը։ Ուզում եմ արձանագրել՝ նաև մեր քննարկումների ընթացքում հստակ արձանագրել եմ, որ ես՝ որպես ՀՀ վարչապետ, կարող եմ բանակցել ՀՀ-ի անունից, բայց չեմ կարող բանակցել Լեռնային Ղարաբաղի անունից այն պարզ պատճառով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը մեր ընտրություններին չի մասնակցում, ինձ քվե չի տվել, նրանք ունեն իրենց նախագահը, իրենց խորհրդարանը, իրենց կառավարությունը և Ղարաբաղի ժողովրդի անունից բանակցային գործընթացում պետք է խոսեն Ղարաբաղի ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչները», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նաև նշեց, որ Ղարաբաղի հարցի կարգավորման միջազգայնորեն համաձայնեցված ձևաչափ կա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագությունն ու համանախագահող երկրները՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը, բայց Մինսկի խմբի շրջանակն ավելի լայն է:

«Կարող ենք արձանագրել, որ այդ ֆորմատը, ըստ էության, ապահովում է միջազգային հանրության ներկայացվածությունը բանակցային գործընթացում: Կարծում եմ, որ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափն այս տարիներին, համենայն դեպս, բավական հաջող է գործել՝ տարածաշրջանում հարաբերական կայունությանը նպաստելու տրամաբանության առումով»,- ընդգծեց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է հակամարտության բուն կարգավորմանը, նա ասաց, որ համանախագահող երկրները, նաև միջազգային հանրությունը հստակ արձանագրել են՝ լուծման խնդիրը հենց հակամարտության մեջ ներգրավված երեք կողմերի օրակարգի հարցն է, և միջազգային հանրությունը չի կարող հակամարտության երեք կողմերի փոխարեն լուծել հակամարտությունը, ընդամենը կարող է որոշակի հարթակ ստեղծել բանակցության համար:
«Ես կարծում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը հաջողել է այդ հարթակը ստեղծելու առումով»,- նշեց նա: