ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող բիզնեսների առնչությամբ քրեական գործ է հարուցված, քննություն ընթանում է, և ԱԱԾ քննչական կառույցն առաջիկայում կանի հայտարարություն այդ կապակցությամբ: ԱԱԾ պետն այդ հայտարարությունն արել է փետրվարի 1-ին, հետաքրքրական է, որ զուգահեռ այն դատական գործի, որ ընթանում է Վերաքննիչում՝ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների հայցի հիման վրա, որոնք շարունակում են փորձերը՝ ստանալու նրա խափանման միջոցը կալանքից գրավի փոխելու վերաբերյալ դատական որոշում: Ընդ որում՝ հատկանշական է, որ Արթուր Վանեցյանի հայտարարությունը հնչել է փետրվարի 1-ին, երբ դատարանում պետք է ելույթ ունենար նաև Ռոբերտ Քոչարյանը: ԱԱԾ պետի հայտարարությունը ունեցել է դատարանի վրա որևէ ազդեցություն, թե ոչ, դա, իհարկե, հնարավոր չէ ասել, սակայն Վանեցյանի հայտարարությունը հետաքրքրական է մեկ այլ տեսանկյունից: Նա փաստորեն խոսում է Մարտի 1-ի գործին զուգահեռ երկրորդ նախագահի դեմ երկրորդ քրեաիրավական ճակատի մասին:


Իհարկե, այդ թեման նորություն չէ, սակայն հատկանշական է մի հանգամանք: Մարտի 1-ի վերաբերյալ հայտնի ֆիլմի ցուցադրումով, կամա թե ակամա, Ռոբերտ Քոչարյանի սեփականություն կամ նրան մերձավոր անձի սեփականություն դիտվող հեռուստաալիքով հայտնի, աղմուկ և բուռն քննարկումներ առաջացրած ֆիլմի ցուցադրումը, ըստ էության, նոր ալիք բերեց մարտիմեկյան գործում: Արդյո՞ք ֆիլմի հեղինակները կամ պատվիրատուները չէին հաշվարկել այդ ալիքը, թե՞ հաշվարկը հենց դա էր, բավականին բարդ է ասել: Համենայնդեպս, հաշվարկելը դժվար չէր:

Հետաքրքիր է, որ ֆիլմի հեղինակը ռուսաստանահայ հեռուստամեկնաբան Ռոման Բաբայանն էր, իսկ ֆիլմը՝ ռուսերեն: Ի՞նչ լսարանի համար է այն եղել, ինչո՞ւ է հայկական լսարանին ցուցադրվել ռուսալեզու տեսքով: Ռոբերտ Քոչարյանն իր փաստաբաններից մեկի միջոցով հերքել էր առնչությունն այդ ֆիլմին, բայց, այդուհանդերձ, ֆիլմից առաջացած հարցերը՝ դրա նպատակների, հնարավոր արձագանքների և ազդեցության հաշվարկների մասով, դրանից, իհարկե, չեն փոխվում:

Ահա այս ֆոնին հատկանշական է, որ ԱԱԾ պետն էլ, իր հայտարարությամբ, փաստորեն «թեժացնում» է մյուս քրեաիրավական «ճակատը», փորձելով հակակշռել այն էֆեկտը, որ գուցե ստացել է Ռոբերտ Քոչարյանը հայտնի ֆիլմից, կամ հնարավոր է՝ Քոչարյանի գործոնի միջոցով ստացել են ֆիլմի հեղինակներն ու մտահղացման հեղինակները, եթե դա իսկապես Ռոբերտ Քոչարյանը չէ: Միևնույն ժամանակ, իհարկե, հատկանշական է, որ մարտիմեկյան գործը ԱԱԾ տիրույթում չէ, ի տարբերություն բիզնեսների «գործի»: Արդյո՞ք այստեղ տողատակում հնարավոր է նշմարել այն, որ ՀՔԾ տիրույթում գտնվող գործում Քոչարյանի դիրքերը որոշակիորեն ամրացրել են, կամ ուղղակի ՀՔԾ-ն, այսպես ասած, չի հասցնում ապահովել անհրաժեշտ արդյունավետություն գործի առաջխաղացման հարցում, և այդ իսկ պատճառով «օգնության» է գալիս ԱԱԾ-ն: