Պաշտոնական Բաքուն հատուկ հայտարարությամբ արձագանքել է Հայաստանի վարչապետին, ով երեկ բացառել էր, թե իր կառավարությունը կարող է քննարկել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը։
«Փաշինյանի տրամաբանությունը դժվար է հասկանալ: Ինչպես հայտնի է, ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո անցկացվող բանակցությունների հիմքում ընկած է հենց հայկական ուժերի դուրսբերումը Ադրբեջանի «գրավյալ» տարածքներից»,-հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ հավելելով. «Այդ պահանջը արտացոլված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձևերում, ինչպես նաև հակամարտության կարգավորման շուրջ միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված գրեթե բոլոր փաստաթղթերում: Այս պարագայում հարց է առաջանում՝ արդյոք Փաշինյանի այդ հայտարարությունը չի՞ նշանակում բանակցություններից հրաժարում»:
Երեկ, խոսելով ղարաբաղյան խնդրի շուրջ վերջին զարգացումներից, վարչապետ Փաշինյանը լրագրողներին ասել էր. «Մենք չենք կարող նույնիսկ քննարկել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը։ Մեր կառավարությունը Ղարաբաղի հարցում վարում է մի քաղաքականություն, որ նախկինում ոչ մի իշխանություն չի վարել։ Որևէ զուգահեռ տանելը և նախկինում վարած քաղաքականության հետ ընդհանրություն գտնելու փորձերը կատարյալ մոլորություն են»։