Նախօրեին կայացել է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը։ Ստացվել էր 24 հայտ, մրցույթին ներկայացել էին 21 հոգի, որոնցից մեկը ընթացքում հրաժարվել է մասնակցությունից և հեռացել է։ Ֆեյսբուքյան էջում գրել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։

«Հանձնաժողովի գնահատականների հանրագումարի արդյունքում ամենաբարձր բալեր ստացավ և ընտրվեց Կարեն Ղազարյանը։
Հաջորդ հինգ ամենաբարձր բալեր ստացած թեկնածուներին առաջարկվեց կազմակերպության կանոնադրության փոփոխությունից հետո ընդգրկվել կառավարման խորհրդի կազմում։ Նույն առաջարկն արեցի նաև մեր այսօրվա հանձնաժողովի անդամներից Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանին և ՄՀՀ ճարտարապետներից Հրաչյա Պողոսյանին, ովքեր տվեցին իրենց համաձայնությունը, ինչի համար շատ շնորհակալ եմ»,- գրել է նա։

«Շարմ Հոլդինգ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ նշելով, որ իր աշխատանքով և նվիրվածությամբ կծառայի ՄՀՀ-ի հետագա զարգացմանը և հանրահռչակմանը:
Մարզահեմրգային համալիրի արդեն նախկին տնօրեն Վազգեն Ասատրյանի պայմանագիրն ավարտվել էր 2018 թվականի հունիսին, սակայն այն երկարաձգվել էր մինչև 2018 թ. դեկտեմբերի 1-ը: