Փաստաբան Նորայր Նորիկյանն էլ իր գործընկերների պես զայրացած է ֆինանսների փոխնախարար Արմեն Պողոսյանի հայտարարությունից։
«Կարծում եմ, ուղղակի խայտառակություն է, որ Հայաստանի նոր կառավարությունը ներկայացնող նման անձնավորություն կա, կարևորագույն պաշտոն զբաղեցնող մարդ, ով այդպիսի տարրական պատկերացում ունի անմեղության կանխավարկածի, անձի պաշտպանության իրավունքի, ՀՀ Սահմանադրության, դատական պաշտպանության իրավունքի և ընդհանրապես ՀՀ օրենսդրության մասին»,-Panorama.am-ի հետ զրույցում նման գնահատական տվեց Նորիկյանը։
Փաստաբանի կարծիքով, նման մակերեսային հիմնավորմամբ Հարկային օրենսգրքում փոփոխություններ անցկացնելու ցանկությունը խոսում է մի բանի մասին, որ այդ պաշտոնյան կամ նման փոփոխություններ նախաձեռնող խումբը որևէ պատկերացում չունի գործող իրավական ընթացակարգերի մասին, ուղղակի խնդիր են դրել համահարթեցման միջոցով փաստաբանների, հաշվապահների հարկման ռեժիմը փոխել։
Հիշեցնենք, որ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը երեկ փաստաբանների մասնակցությամբ «Հարկային օրենսգրքում» փոփոխություններին նվիրված քննարկման ժամանակ հայտարարել է.
«Եթե փաստաբանական ծառայություններն ազատենք ավելացված արժեքի հարկից կամ նրանց համար սահմանենք ցածր հարկային բեռ, բոլորն են չէ՞ օգտվելու այդ հարկային բեռից, բոլոր շահառուները, այդ թվում, կներեք բառիս համար, հանցագործները, որոնք ևս դիմում են փաստաբանական ծառայությունների։ Հիմա հարց է ծագում՝ մենք ազգովի պետք է սուբսիդավորե՞նք այդ հանցագործին»։Եթե փաստաբանական ծառայություններն ազատենք ավելացված արժեքի հարկից կամ նրանց համար սահմանենք ցածր հարկային բեռ, բոլորն են չէ՞ օգտվելու այդ հարկային բեռից, բոլոր շահառուները, այդ թվում, կներեք բառիս համար, հանցագործները, որոնք ևս դիմում են փաստաբանական ծառայությունների։ Հիմա հարց է ծագում՝ մենք ազգովի պետք է սուբսիդավորե՞նք այդ հանցագործին»։
Փոխնախարարի դիտարկումն իրարանցում է առաջացրել, ներկաներն իրենց զայրույթն են արտահայտել: Հայտարարությունը ԶԼՄ-ներում հրապարակվելուց հետո բարկության ալիքը տարածվեց նաև քննարկմանը չմասնակցածների շրջանում։
Երեկ ու այսօր փաստաբանների մեծ մասի ֆեյսբուքյան գրառումները փոխնախարարի հայտարարության մասին են։ Դրանց ներքո ծավալված քննարկումներում Պողոսյանը խիստ քննադատության էր ենթարկվում։
Նորիկյանը քննարկմանը մասնակցել չի կարողացել։ Հայտարարությունը լսելով նա նախ բարկացել է ու զարմացել, ապա եկել է եզրակացության՝ փոխնախարարը տարրական հարգանք չունի մարդու իրավունքների փիլիսոփայության նկատմամբ. «Ես ուղղակի Փաշինյանին կհորդորեմ ազատել նրան այդ պաշտոնից, նա կոմպետենտ չէ, տարրական պատկերացում չունի ՀՀ օրենսդրությունից։ Ո՞նց կարող է պատահի, որ պերճաշուք լոզունգներով կառավարության եկած իշխանությունը ու նրա ներկայացուցիչներից մեկը տարրական պատկերացում չունի փաստաբանության, անձի իրավունքի պաշտպանության մասին, և սա այն երկրում, որն իրեն հռչակել է եվրոպական ընտանիքի մաս կազմող։ Ես ուղղակի ապշած եմ»։
Ինչ վերաբերում է Հարկային օրենսգրքում փոփոխություններին ու դրա հետևանքներին, ապա Նորիկյանն ասաց՝ հիմա բոլոր հարկերը վճարում է, օրենսգիրքն այդ տեսքով ընդունելու դեպքում կամ դադարեցնելու է իր գործունեությունը, կամ աշխատելու է ստվերում կամ էլ բարձրացնելու է իր կողմից մատուցած ծառայությունների գինը։
«Այսինքն, այդ ավելացված արժեքի հարկը գանձվելու է մեր քաղաքացիներից։ Իսկ սա էլ իր հերթին իրավունքի պաշտպանությունը դարձնելու է անմտաչելի։ Իսկ դա, ես կարծում եմ, Սահմանադրության 64-րդ հոդվածի կոպիտ խախտում է։ Դե, թող էդ խելոքները մտածեն»,-հետևանքները թվարկեց փաստաբանը՝ վիրավորական համարելով փաստը, որ նման փոփոխություններ են նախաձեռնել առանց փաստաբանական համայնքի հետ խորհրդակցելու, փոփոխությունն էլ առաջարկել են առանց հիմնավորման։
Նորայր Նորիկյանի կարծիքով, Հանրային պաշտպանի գրասենյակը գերծանրաբեռնված է ու օբյեկտիվ պատճառներով չի կարող ապահովել փաստաբանական ծառայությունների մատչելիություն։
Նա պնդում է, նախագիծը պետք է հանել շրջանառությունից, այն չպետք է դառնա օրենք, հակառակ դեպքում չի բացառվում, որ փաստաբանները, որ համարվում են ինտելեկտուալ ու մտավոր կարողություններ ունեցող համայնք, առավել ակտիվ պայքարի են անցնելու։
«Եթե կառավարությունը պնդաճակատություն ցուցաբերեի, ապա փաստաբաններն ավելի վճռական քայլերի կդիմեն։ Այս տեսքով օրենքի ընդունումն անթույլատրելի է, այն դառնալու է Դամոկլյան սուր՝ կախված փաստաբանների գլխին»,-եզրափակեց նա։