Կառավարության կառուցվածքային բարեփոխումների` նախարարությունների կրճատման, ԾԻԳ-երի և ՊՈԱԿ-ների փակման, ավելորդ մանկավարժների կրճատման արդյունքում մոտավոր հաշվարկներով կարող են գործազուրկ դառնալ 50-55 հազար պետական աշխատողներ: Թե պետական աշխատանքը կորցնելուց հետո նրանք ինչով են զբաղվելու՝ հայտնի չէ: Միակ տեսանելի աշխատանքն այս պահին շարունակում է մնալ տաքսու վարորդը, որոնց կառավարությունը հարկային արտոնություններ է տվել:

Գործազուրկների ստվար բանակ ունենալու հեռանկարը կառավարությանը չի կանգնեցնում: Գործադիրի որոշմամբ, այսօր լուծարվեց «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնը», լուծարվեց «Շիրակ» հեռուստաընկերությունը, որի աշխատակիցները ևս գործազուրկ կմնան, սոցիալական պետական ապահովության ծառայությունն էլ կարծես լուծարվում է՝ 623 աշխատակից կարող է կրճատվել: Դրան էլ գումարենք Ամուլսարի և Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցներին, որոնց ճակատագիրն այսօր դեռևս հայտնի չէ, և կառավարությունը նրանց էլ պահում է օդից կախված վիճակում:

Իսկ հետաքրքիր է, որքա՞ն աշխատատեղ է ստեղծել կառավարությունն այս հետհեղափոխական ամիսների ընթացքում: Օրինակ, հայտարարվում է, որ Երևանում 250 մեգավատտ հզորությամբ նոր ջերմաէլեկտրակայան կկառուցվի, որի համար կներդրվի 250 միլիոն ԱՄՆ դոլար։ Այն շահագործման հանձնելուց հետո կստեղծվի 230 աշխատատեղ։ DISCO ընկերությունը ՀՀ-ում մասնաճյուղ է բացել՝ 50 նոր աշխատատեղ ստեղծելով: Կամ, օրինակ՝ Շիրակի մարզում բրդի վերամշակման գործարան է կառուցվելու և ակնկալվում է ստեղծել 60 աշխատատեղ:

Պարզ համեմատությունն անգամ թույլ է տալիս հասկանալ՝ կառավարությունը, ամենալավատեսական հաշվարկներով՝ 60 հազար քաղաքացու գործազուրկ է թողել, փոխարենը՝ խոստումների մակարդակում ստեղծել է առավելագույնը 450-500 աշխատատեղ: Տնտեսական թռի՞չք. չէ՛, չենք լսել…