Առողջապահության նախարարի որոշումը՝ որով այսուհետ արգելվելու է նարգիլեի օգտագործումը սրճարաններում, բարերում՝ բուռն քննարկման և քննադատության առիթ է դարձել: Այս որոշման դեմ պայքարող մի խումբ քաղաքացիներ օրերս հավաքվել էին Առողջապահության նախարարության դիմաց, վերջիններիս հետ փորձեց զրուցել փոխնախարար Լենա Նանուշյանը՝ նշելով, որ Առողջապահության նախարարությունը միտք չունի նարգիլեն արգելող օրենքի նախագիծն ընդունել՝ առանց քննարկումներ լսելու, իսկ ցուցարարներն էլ հակադարձեցին՝ պնդելով, որ իրենք, շահագրգիռ կողմ հանդիսանալով, հրավիրված չեն եղել դրանց, փոխնախարարն էլ իր հերթին չկարողացավ նշել գեթ մեկ շահագրգիռ կողմի, ում հետ այդչափ արդյունավետ քննարկում է անցկացվել:

Փաստացի, առողջապահության նախարարի և փոխնախարարի սուտը շատ արագ ջրի երես դուրս եկան: Ջրի երես դուրս եկավ նաև ծածկադմփոց քննարկումներ անցկացնելու՝ նախկինների արատավոր պրակտիկան, որն այսօր, ինչպես երևում է՝ հաջողությամբ կիրառվում է նաև նոր իշխանությունների կողմից: Հիշում եք, չէ՞ երեկվա ընդդիմադիր, այսօրվա իշխանավորները ինչպես էին փնովում ՀՀԿ-ին, երբ ռեժիմը ՀԷՑ-ում իրականացվող աուդիտի վերաբերյալ հանդրային քննարկում էր հրավիրում՝ առանց շահագրգիռ կողմերին նույնիսկ տեղեկացնելու, կամ ինչպես «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին» օրենքի նախագիծը դրվեց հանրային լայն քննարկման, և հասարակական կազմակերպությունները խիստ վրդովվել էին, որ նախագիծ էին մշակել առանց հանրային քննարկման: Նույնկերպ տրվում էին նաև ՀԷԿ-ի կառուցման լիցենզիաները, երբ, օրինակ, Ջերմուկ համայնքում հրավիրվում էր հանրային քննարկում՝ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, իսկ երբ շահագրգիռ կողմերը ներկայանում էին այդ քննարկմանը, պարզվում էր՝ որոշումն արդեն իսկ ընդունվել է, իսկ իրենց հրավիրել են «գալչկայի» համար՝ քննարկման իմիտացիա ստեղծելու նպատակով:

Նույն գործելաոճը այսօր ցավով նկատում ենք նոր իշխանությունների մոտ: Հետաքրքիր է՝ այդ երբվանի՞ց ժողովրդի օգնությամբ և ժողովրդական շարժման արդյունքում իշխանության եկած գործիչների համար ժողովրդի կարծիքը դարձավ երկրորդային մի բան, որը կարելի է ջրել՝ փոխարենն առաջ տանելով սեփական օրակարգը…

Ստելլա Խաչատրյան