Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը Երեւան կատարած աշխատանքային այցի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ միջազգային հանրությունն Արցախի հարցում ունի ուժային լուծումը թույլ չտալու կոնսենսուս:

Խոշոր հաշվով, ՌԴ արտգործնախարարի տեղակալի հայտարարությունը գոյություն ունեցող ստատուս-քվոյի պահպանման շուրջ միջազգային կոնսենսուսի մասին է: Դրա վկայությունն է Կարասինի պատասխանը հարցին, թե հնարավո՞ր է արդյոք ճեղքում կարգավորման գործում 2019 թվականին: Կարասինը նշել է, որ իհարկե ցանկալի է, որ կարգավորումը լինի արագ, բայց պետք է լինել իրատես: Ըստ նրա, կան բազմաթիվ բարդ հանգամանքներ, որոնք պահանջում են երկարատեւ աշխատանք:

Ինքնին հասկանալի է, որ ՌԴ արտգործնախարարի տեղակալը, ինչպես նաեւ Մինսկի խմբի միջնորդ որեւէ համանախագահ երկրի դիվանագետ կամ այլ միջազգային սուբյեկտ չեն կարող հայտարարել ստատուս-քվոյի պահպանման շուրջ միջազգային կոնսենսուսի մասին: Այդ իսկ պատճառով նրանք պետք է խոսեն ռազմական լուծում կամ պատերազմ թույլ չտալու կոնսենսուսի մասին:

Միեւնույն ժամանակ, իհարկե, այդ հայտարարությունները վկայում են ընդհանուր մթնոլորտի եւ ուղենիշային տրամադրությունների մասին, բայց դա չի կարող նշանակել, որ միջազգային հանրությունն է Հայաստանի փոխարեն պահելու այդ ստատուս-քվոն: Միջազգային հանրության կոնսենսուսի առանցքը հենց ստատուս-քվոյի հայկական վերահսկողությունն է, դրա այսպես ասած հուսալիությունն ու այդ հարցում Հայաստանի ռազմավարական նպատակադրումները:

Դրանց բացակայությունն անուսափելիորեն բերելու է միջազգային կոնսենսուսի երերումի, ինչն էլ կարող է հանգեցնել այնպիսի իրավիճակների, ինչպիսին ապրիլյան քառօրյա պատերազմը:

Ըստ այդմ, միջազգային հանրությունը, Մինսկի խմբի համանախագահները ներկայում փորձում են հասկանալ՝ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանն ի վիճակի՞ է ստանձնել ստատուս-քվոյի համար ռազմավարական պատասխանատվություն:

Գործնականում, ստատուս-քվոյի հայկական վերահսկողությունը բխում է բոլոր խաղացողների շահերից, նույնիսկ Թուրքիայի, որքան էլ դա տարօրինակ հնչի : Բանն այն է, որ դրա շնորհիվ Թուրքիան պահպանում է իր ռեգիոնալ կարեւորության որոշակի աստիճան, միեւնույն ժամանակ որոշակի կախվածության մեջ է պահում Ադրբեջանի իշխանությանն ու հանրությանը:

Դա չի նշանակում, որ ուժային կենտրոնները չէին ցանկանա իրենցով փոխարինել հայկական վերահսկողությունը: Այդ առնչությամբ նրանք ունեն իհարկե ամենատարբեր ստրատեգիական սցենարներ: Բայց, միեւնույն ժամանակ, ի՞նչն է նրանց կոնսենսուսի հիմքը: Այն, որ ի զորու չեն հաղթել միմյանց, եւ ապրիլյան քառօրյան դա ցույց տվեց առարկայորեն: Ռուսաստանը փորձեց «շրջանցել» Մինսկի խմբի մյուս համանախագահներին եւ Իրանին, բայց չորս օր անց ակնառու դարձավ, որ շարունակվելու դեպքում պատերազմը վերածվելու է լրջագույն մի խնդրի, որտեղ կամ պարտվելու են, կամ պետք կլինի հայերի հետ պարտության մատնել Ադրբեջանին:

Ադրբեջանին պարտության մատնելն էլ իհարկե չի մտնում Ռուսաստանի ծրագրերի մեջ, եւ Մոսկվան շտապեց հասնել հրադադարի:

Ինքնին դա չի նշանակում, որ չեն կարող լինել նոր փորձեր, բայց դա արդեն կախված է այն հանգամանքից, թե արդյոք Հայաստանը կտա նոր հնարավորություն, ինչպես տվեց 2013 թվականի սեպտեմբերի 3-ից: Այդ առումով առանցքային է Հայաստանի ինքնիշխան քաղաքականության խնդիրը, հատկապես եվրասիական ուղղությամբ, ինչը նկատելիորեն փորձում է դնել նոր իշխանությունը թավշյա հեղափոխությունից հետո: Ամբողջ հարցն այն է, որ այդ փորձերը հնարավորինս արագ դրվեն արտաքին քաղաքական եւ անվտանգային նորոգված, ամբողջական ռազմավարության մեջ: